Վերահաշվարկի արդյունքում ՀՀԿ-ի ձայներն ավելանում են, ՕԵԿ-ինը՝ մնում անփոփոխ, մյուսներինը՝ նվազում. Տ.Մուկուչյան

Վերահաշվարկի արդյունքում Հանրապետական կուսակցության ձայներն ավելացել են 11-ով, «Առաքելության», ԲՀԿ-ի, «Բարև Երևան»-ի, ՀԱԿ-ի ձայները նվազել են, ՕԵԿ-ինը մնացել են անփոփոխ. նշել է ՀՀ կենտրոնական ընտրականա հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Հայոց աշխարհ» օրաթերթի հետ զրույցում: Ներկայացնում ենք հատված այդ հարցազրույցից:

-Շեղումների՝ կուսակցությունների և «Բարև, Երևան» դաշինքի ձեռքբերումների և կորուստների հաշվեկշիռն ինչպիսի՞ն է։

-Այս պահի դրությամբ «Առաքելության» ձայները նվազել են մեկով, ԲՀԿ-ի ցուցանիշը՝ 21, «Բարև, Երևան» դաշինքինը՝ 6, ՀԱԿ-ինը՝ 7, Դաշնակցությանը՝ 2 ձայնով։ Հանրապետական կուսակցության ձայներն ավելացել են 11-ով, «Օրինաց երկրի» ձայները մնացել են անփոփոխ, անվավեր քվեաթերթիկների թիվն էլ մեծացել է 27-ով։

-Ստացվում է, որ հանձնաժողովներն իրենց հաշվարկներում սխալվել են՝ ի վնաս Հանրապետականի՞։

-Ընդհանրացումներ չանենք, որովհետև սրանք հանրագումարի բերված թվեր են։ Առանձին տեղամասերում տարբերությունը կազմում է 1-2 ձայն։ Եթե հաշվի առնենք, որ հանձնաժողովներն աշխատում են առավոտյան 8-ից մինչև 20-ը, որից հետո սկսվում է արդյունքների ամփոփումը, ապա հասկանալի է, որ աշխատանքային նման ծանրաբեռնվածության, հոգնածության պայմաններում կարող են լինել չնչին շեղումներ։ Բացի դրանից, լինում են վիճահարույց քվեաթերթիկներ, որոնց վերաբերյալ ՏԸՀ-ը մի՛ որոշում է կայացրել՝ համարել է վավեր, ԸԸՀ-ը վերահաշվարկի ժամանակ իրավական այլ մոտեցում է արտահայտել։ Մի բան պարզ է՝ քվեարկության արդյունքների ամփոփումն իրականացվել է ԸՕ պահանջներին համապատասխան։

-Վերահաշվարկի դիմումների այս աննախադեպ՝ ռեկորդային բարձր ցուցանիշն ինչո՞վ է պայմանավորված։

-Իսկապես։ Նոր Ընտրական օրենսգրքի կիրարկումից՝ 2012թ. խորհրդարանական ընտրություններից մինչ օրս երբևէ վերահաշվարկի դիմումների նման մեծ քանակ չի արձանագրվել։ Ընդհանրապես դժվարանում եմ հիշել որևէ նախադեպ, երբ ընտրություններից հետո վերահաշվարկի դիմումների նման հոսք գրանցվեր։ Այստեղ պետք է նկատի ունենալ շատ հետաքրքիր մի հանգամանք. վերահաշվարկի ժամանակ լինում են դեպքեր, երբ նույն ընտրատեղամասում քվեարկության ավարտից հետո տեղամասային հանձնաժողովում այս կամ այն կուսակցությունը ներկայացնող անդամը կամ վստահված անձը գրում է շնորհակալանքի, դրվատանքի խոսքեր՝ փաստում է, որ ամեն ինչ տեղի է ունեցել ԸՕ պահանջներին լիովին համապատասխան, և հանկարծ նույն անձը ներկայացնում է վերահաշվարկի դիմում, ինչը, մեղմ ասած, անհասկանալի է։ Գաղտնիք չէ նաև, որ այդ դիմումներից շատերը գրված են եղել մինչև քվեարկության օրը։ Դիմումատուների բացատրություններից դատելով՝ բոլոր վստահված անձանց կողմից նման դիմումներ են հավաքվել, հետո ինչ-ինչ սկզբունքով առանձնացվել և ներկայացվել ընտրատարածքներ։

-Ընտրությունների արդյունքների «անարժանահավատության» հիմնական փաստարկներից մեկն այն է, որ ընտրությունների ելքը որոշվել է ոչ թե տեղամասերում, այլ տեղամասերից դուրս։ Խոսքը վերաբերում է «զանգվածային ընտրակաշառքներին», թաղային հեղինակությունների անօրինական միջամտություններին և այլն։

-Առիթ ունեցել եմ ասելու՝ քվեարկության օրը հարյուր հազարավոր մարդիկ մտնում են իրավահարաբերությունների մեջ, և հնարավոր են առանձին անձանց կողմից տարաբնույթ անօրինական գործողություններ։ Բայց իրավունքի տարրական պահանջն է՝ եթե տեղի է ունեցել օրինախախտում, այն պետք է պատշաճ արձանագրվի և ներկայացվի իրավասու մարմիններին։ Այս պարագայում, երբ խոսվում է համատարած ընտրակաշառքների մասին, ենթադրվում է, որ պետք է լինի համապատասխան փաստ, և այդ փաստը պետք է դառնա քննության առարկա։ Այս պահի դրությամբ, որքան գիտեմ, զանգվածային ընտրակաշառքի փաստ չի արձանագրվել՝ նույնիսկ եթե հաշվի առնենք քվեարկության օրը տարբեր կայքերում զետեղված տեղեկությունները, որոնց մեծամասնությունը ընդհանրապես կապ չուներ իրականության հետ։ Մյուսները ունեն լոկալ բնույթ, և ընդ որում՝ այդ դեպքերի հետ կապված փաստական հանգամանքներն էլ դեռ պետք է ուսումնասիրվեն և իրավական գնահատական ստանան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում