Կառավարության առաջ դրված է երեք «Ա»-ի խնդիրը

Եթե հակիրճ ու պատկերավոր արտահայտվենք, ապա կառավարության առաջ դրված է երեք «Ա»-ի խնդիրը՝ արդարություն, արտագաղթ, աշխատանք։ Սկզբունքորեն, ի՛նչ են ակնկալում մարդիկ իշխանություններից, հասկանալի է, ներառյալ կառավարությունը։ Ամենից առաջ՝ արդարություն։ Եվ խնդիրը տվյալ պարագայում սոսկ դատաիրավական կամ իրավապահ համակարգերին չէ, որ վերաբերում է։ Դրանք՝ իրենց հերթին։ Բայց մարդիկ ամենից առաջ ակնկալում են գործարարությամբ զբաղվելու իրականում հավասար պայմաններ եւ օրենսդրության միանման, այլ ոչ թե ընտրանքային կիրառում։ Մարդիկ ակնկալում, ավելի ճիշտ, ցանկանում են, որ հարկային բեռը համաչափ բաշխվի տնտեսավարողների վրա, որ փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվողներն ավելի շատ հարկեր չվճարեն, քան խոշորներն ու մեծերը։ Օրինակ, մեզ իրավացի է թվում հարցադրումը, թե ինչո՞ւ պետք է երկրի ընդերքը շահագործող ու շահույթներ ստացող հանքարդյունահանող ընկերությունները ավելի շատ ու համարժեք հարկեր չվճարեն։ «Արդարադատություն իրականացնելը» թերեւս այնքան էլ բարդ խնդիր չէ։ Բարդ խնդիրն արդարություն կամ առնվազն արդարության որոշակի մակարդակ ապահովելն է։ Դա ներառում է նաեւ այն, որ գործարարը գործարարությամբ զբաղվի, իսկ պետական պաշտոնյան լինի բացառապես պետական պաշտոնյա։ Կամ պետք է վերջնականապես կողմնորոշվեն՝ բիզնեսմե՞ն են, թե՞ չինովնիկ։ Կա՛մ այն, կա՛մ այն մեկը։ Մարդիկ ակնկալում են նաեւ, որ 2-3 տարին մեկ, գուցեեւ ավելի հաճախ, «խաղի կանոններ» չփոխվեն։ Չենք խոսում արդեն կոռուպցիա եւ հովանավորչություն կոչվածների մասին։ Երկրորդ «Ա»-ն՝ աշխատանքը, թվում է, ամենից բարդ լուծվող հարցերից մեկն է, մանավանդ մի իրավիճակում, երբ ավելի հեշտ է հաշվել, թե երկրում քանի՞ արդյունաբերական ձեռնարկություն է աշխատում, քան թվարկել «կանգնած» ու արդեն, ըստ էության, վերացած երբեմնի հզոր արտադրական խոշոր միավորումները, երբ 2000-ականների կեսերին թափով սկսված բազմաթիվ մասնավոր շինարարական ծրագրեր առժամանակ կասեցվել են ու սառեցվել։ Պետք չէ տնտեսագետ լինել, հասկանալու համար, որ աշխատատեղերի ստեղծման առավել կարճ տարբերակներից մեկը լուրջ, հիմնավորված ներդրումային ծրագրերի իրականացումն է՝ դրանց համար որոշակի արտոնությունների ապահոման պայմանով։ Լավ է, միգուցե, որ Հայաստանը Համաշխարհային բանկի կամ այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների տարբեր վարկանիշային սանդղակներում բարձր դիրքեր է գրավում կամ առաջխաղացում է արձանագրում։ Բայց է՛լ ավելի լավ կլիներ, եթե նման վարկանիշային ձեռքբերումները ամրապնդվեին կոնկրետ, շոշափելի, չափելի արդյունքներով։ Այս կամ այն սանդղակում, ասենք, 10 կամ 18 նիշ առաջխաղացումը գրպանդ չես դնի։ Մյուս բարդագույն խնդիրը արտագաղթն է։ Արտագաղթն էլ չէ, այլ արդեն կարելի է ասել՝ գաղթի վարակը։ Հասկանալի է, անշուշտ, որ երկու նախորդ «Ա»-երի հարցում նկատելի հաջողություն ունենալու դեպքում այս երրորդ «Ա»-ի լարվածությունը որոշակիորեն կնվազի։ Ի վերջո, շատ բաներ փոխկապակցված եւ միահյուսված են։ Սակայն զուտ շաղկապված փոխազդեցությանն սպասելը չի կարող բավարար համարվել։ Մնում ենք այն համոզմանը, որ հնարավոր է ու պետք է իրականացնել ներգաղթի հստակ ծրագիր։ Դա ոչ մի «ֆանտաստիկա» էլ չէ։ Հակառակը, տարածաշրջանային այլազան կենտրոնների փոխարեն թերեւս նախընտրելի է կենտրոնանալ հենց նման՝ մանրամասն հաշվարկված ծրագիր իրականացնելու վրա։ Մի խոսքով, ավելի «հողեղեն» ծրագրեր է պետք իրականացնել։ Մարդիկ, ի վերջո, վիճակագրական ցուցանիշներով չեն սնվում։ Հասկանալի է, իհարկե, որ գործող կառավարության համար հեշտ չի լինելու։ Ավելին, դժվար է լինելու, եւ այն իր գործունեությունը իրականացնելու է անգամ թշնամական հակաքարզչության պայմաններում, որոշակիորեն, փորձելով «լողալ ծծմբաթթվի մեջ»։ Բայց, մյուս կողմից, կառավարությունն ինքը կարող է փոխել այդ վերաբերմունքը, ոչ թե քարոզիչներին, այլ քարոզվողներին ցույց տալով տեսանելի արդյունքներ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում