Թադևոս Տոնոյան․ Պատժաբաժին

Թադևոս Տոնոյան․ Պատժաբաժին

Թադևոս Տոնոյանը ծնվել է 1961 թվականի մայիսի 1-ին՝ Երևանում։ 1968-1978 թվականներին սովորել է Երևանի թիվ 102 միջնակարգ դպրոցում։ 1978-1983 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Աշխատել է «Պիոներ կանչ» թերթում, եղել է «Պիոներ» ամսագրի պատասխանատու քարտուղարը, 1991 թվականից նույն ամսագրի գլխավոր խմբագիրն է։ 1994-1995 թվականներին աշխատել է Հայաստանի հեռուստառադիոպետվարչությունում՝ որպես «Մայրաքաղաք» ստեղծագործական միավորման փոխտնօրեն, այնուհետև պետական ռադիոյի «Իրավունք» ծրագրի ղեկավար։

Դասավանդում է Երևանի պետական համալսարանում և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Թադևոս Տոնոյանի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1974 թվականին «Պիոներ-կանչ» թերթում:

Թադևոս Տոնոյանը զբաղվել է նաև գիտական գործունեությամբ, հեղինակ է գրականագիտական, լեզվագիտական ու մշակութաբանական հոդվածների։ 2002 թվականին հրատարակել է «Եղիշեի ակամա ընդդիմախոս Եղիշեն» գիտական ուսումնասիրությունը, 2005 թվականին լույս է տեսել նրա «Կորյունի տեքստը և հայ գրի առեղծվածը» գիրքը՝ նվիրված հայ գրի առեղծվածին։

Տոնոյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, պարսկերեն, ֆրանսերեն, սերբերեն, ռուսերեն, բելառուսերեն

Պարգևներ

Մշակույթի հայկական ֆոնդի «Տարվա լավագույն բանաստեղծություն» մրցանակ,1999 թ.

ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2008 թ.

Երկեր

«Սերմաստղ» բանաստեղծությունների ժողովածու, 1994 թ.:

«Մայրերու հրեշտակներ» բանաստեղծությունների ժողովածու, 1997 թ.:

«Մոմի կաթիլներ», բանաստեղծությունների ժողովածու, 2001 թ.:

«Ծննդյան հեքիաթ» չափածո լեգենդը՝ մանուկների համար, 2001 թ.:

«Ծիծաղն ու իր բախտը» մանկական բանաստեղծությունների ժողովածու, 2003 թ.:

«Թևավոր ծաղիկներ» գիրք պատանիների համար՝ 2004 թ.:

«Երկրից հետո» բանաստեղծությունների գիրքը, 2002 թ.:

«Երկնքից առաջ» բանաստեղծությունների գիրքը, 2010 թ.:

«Հեքիաթ աղբյուրի ձայնի մասին» լեգենդը մանուկների համար, 2011 թ.:

Պատժաբաժին

Եվ ապրողները կդավաճանեն մահացածներին՝
Անհիշողության տափաստաններում դառնալով ջայլամ՝
Ինքնապիղատոս թռչնազգին այդ, որ թռչել չգիտի
Ու Քրիստոսին խաչվելու պիտի ուղարկի դարձյալ:

Նորից մոռացած կլինենք, հարկավ, թեկուզ մարդեղեն,
Բայցև եռակի ուրացությունը վախկոտ Պետրոսի,
Կարծում եք՝ Հուդան նրանից վա՞տն է ավելի եղել,
Լռեմ էլ՝ մեկ է, այն աքաղաղը նորից կխոսի,

Նա, որ մեզ ետ է կանչում ամեն օր՝ վաղ լուսաբացին,
Քնի՝ այսինքն ժամանակավոր մահվան աշխարհից,
Որ մեզ զարթնելն իսկ միայն ու միայն այն ապացուցի,
Թե ապրողները կդավաճանեն մահացածներին:

Էլ ի՞նչը պիտի մեզ մխիթարի, եթե ոչ կիսել
Պատժաբաժինը Իսկարիովտացու, Սիմոն-Պետրոսի
Եվ գլուխներս ավազի տակից հանելով հիշել
Նրան, որ մի օր մեզ պիտի փրկի:

Տեսանյութ՝ «Արարման խորհուրդը»

Հետևեք մեզ նաև Telegram-ում