Գագիկ Ծառուկյանը նաև այս կառավարության թիրախում է. Նաիրա Զոհրաբյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին բարկացրել է Բարեգործության մասին օրենքում կառավարության կատարած փոփոխությունները, որը, նրա կարծիքով, ուղղված է հենց Գագիկ Ծառուկյանի դեմ։
«Այն, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ իշխանության թիրախն էր, դա փաստ էր, և նախորդ իշխանության վերջին Հանրապետական վարչապետ Կարեն Կարապետյանը, իհարկե, երկնելով Բարեգործության մասին այս օրենքը, ուներ որպես թիրախ միմիայն Գագիկ Ծառուկյանին։ Սա հասկանալի էր։ Անհասկանալի է, թե ինչու է այս կառավարությունը, որպես առաջին օրենսդրական նախաձեռնություն, բերում մի երկրում մի օրենք, որտեղ 30 տոկոս պաշտոնական աղքատությանը գումարվում է ևս 30-40 տոկոս աշխատող աղքատների թիվը և փորձում դրանով կրկին թիրախ սարքել Գագիկ Ծառուկյանին», – այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հայտարարեց պատգամավորը։
Նշենք, որ ըստ օրենքում կատարված փոփոխությունների, սահմանվում է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնում օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատվում է վարչապետի որոշմամբ: Օրենքի նախագիծը կառավարության նիստում ընդունվել է ապրիլի 12-ին և ըստ պաշտոնական հաղորդագրության, նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության պահանջներին։ Սահմանվում է նաև, թե որն է բարեգործությունը և ինչպես պետք է այն գրանցել։
Նաիրա Զոհրաբյանի համար տարօրինակ էր, թե այդ ով է, որ պետք է որոշի՝ ի՞նչն է բարեգործությունը և ինչպե՞ս պետք է որոշի՝ ով և ինչպես անի բարեգործություն։
«Այդ ոնց եք որոշելու, գիր-ղուշո՞վ, թե՞ ըստ ձեր քաղաքական նպատակահարմարության և ըստ ձեր քաղաքական ճաշակի։ Ի տարբերություն ձեզ, այս տարիների ընթացքում ինչ արել է Գագիկ Ծառուկյանը, որպես բարեգործ, որևէ քաղաքական ենթատեքստ չի եղել։ Հարցրեք ուսանողներին, ովքեր ուսման վարձեր են ստացել Գագիկ Ծառուկյանից, նրանցից ովքե՞ր են եղել «Բարգավաճ Հայաստանի» անդամ, հարցրեք խաղողագործներին, հարցրեք հաշմանդամներին, հարցերք անօթևաններին։
Անհարմար է, չի կարելի։ Պետություն, արա քո պարտականությունը՝ ապահովիր անօթևաններին բնակարաններով, լուծիր անապահովության խնդիրը, իսկ եթե չես կարող, մի խանգարիր բարեգործներին, ովքեր դա կարող են ու ովքեր դա անում են։ Եթե ոմանց թվում է, թե բերելով այս օրենքը, իրենք վատություն են անում Գագիկ Ծառուկյանին, ապա պետք է ասեմ, որ դուք խորապես սխալվում եք։ Դուք վատություն պետք է անեք սոցիալապես այն խավերին, ովքեր օգտվում են այդ բարեգործությունից։ Այդուհանդերձ, եթե այս օրենքը բերվի ու ընդունվի, ես լինելու եմ այն մարդկանցից մեկը, որը հորդորելու է Գագիկ Ծառուկյանին հուլիսի 1-ից դադարեցնել բոլոր բարեգործական ծրագրերը և բոլոր շահառուներին, ովքեր կդիմեն Գագիկ Ծառուկյանին, մենք ուղղորդելու ենք դեպի կառավարություն», – հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում