Խնդրանքս է՝ Կառավարության նշանակումների դեմ բողոքները լինեն կոնկրետ ու հասցեական. Արայիկ Հարությունյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, և կառավարության մակարդակով էլ է դա հայտարարվել, որ նույնիսկ նոր նշանակումների դեպքում մենք չունենք որևէ կաշկանդվածություն՝ վարչապետից ու նախարարներից սկսած: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սամվել Հարությունյանն այսօր նշանակվել է Կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի նախագահ։
Նշանակումից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սա խայտառակություն է: Բոլոր գիտնականները գիտեն, որ այս մարդը կոռուպցիոներ է: Սամվել Հարությունյանը Հայաստանի գիտությունը խորապես քանդողներից է: Անգամ արտերկրյա գրանտերի հաստատման համար էր ատկատ ուզում»:
Արայիկ Հարությունյանի գրառումն ամբողջությամն ներկայացնում ենք ստորև:
«Հարգելի ֆեյսբուքցիներ, շատ հնարավոր է, որ տասնյակ ու հարյուրավոր նշանակումներից որոշ նշանակումներ լինեն խնդրահարույց, ձեր սրտով չլինեն, էդ նշանակումները լինեն սխալ ինչ-որ դեպքերում: Բայց խնդրում եմ, մեղադրանքները լինեն կոնկրետ ու հասցեական: Դրանք բոլորը կուսումնասիրվեն: Ես որևէ խնդիր չեմ տեսնում և կառավարության մակարդակով էլ է դա հայտարարվել, որ նույնիսկ նոր նշանակումների դեպքում մենք չունենք որևէ կաշկանդվածություն՝ վարչապետից ու նախարարներից սկսած: Ուղղակի խնդրանքս է՝ անձնական հակակրանքները չփաթաթել մյուսների վզին: Դուխով»,- գրել է նախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում