ՀՀ նախագահի տիկինը`ամուսնու մասին. «Ես իրեն եմ քննադատում, ինքը` ինձ»

ՀՀ նախագահի տիկինը`ամուսնու մասին. «Ես իրեն եմ քննադատում, ինքը` ինձ»

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը Երեւանի պարարվեստի քոլեջում ասաց, որ բալետը թողնելուց հետո սովորել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: «Մինչեւ հիմա հաճույքով նվագում եմ, երբ ժամանակ եմ ունենում: Ուսուցիչ ունեմ, որի միջոցով փորձում եմ կատարելագործել իմ կատարումը: Չեմ կարծում, թե հիասքանչ դաշնակահար եմ, բայց միշտ տեղ կա աճելու»,-ասաց Նունե Սարգսյանը:

Նշելով իր սիրելի բոլոր կոմպոզիտորներին, Նունե Սարգսյանը հատկապես Լիստին առանձնացրեց. «Լիստն ինձ համար գագաթ է: Եթե մի օր Լիստ կատարեմ, դա անհավատալի հաջողություն կլինի»:

Իսկ ի՞նչ կարծիքի է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր երաժշտական նախասիրությունների մասին: «Ինքը եւս դաշնամուր է սովորել, բայց դաշնամուրին չի մոտենում: Նա ինձ միշտ քաջալերում է, հիանում է: Ես սիրողական մակարդակի վրա եմ, բայց ինքը ուրախ է, որ նվագում եմ»,-ասաց ՀՀ նախագահի տիկինը:

Հարցին` ՀՀ նախագահը խի՞ստ քննադատ է, Նունե Սարգսյանը պատասխանեց. «Ոչ երաժշտությանս դեպքում, բայց ուրիշ հարցերում մենք աշխատում ենք որպես թիմ, ես իրեն եմ քննադատում, ինքը` ինձ»:

Aravot.am-ը ՀՀ նախագահի տիկնոջից հետաքրքրվեց, թե ո՞րն է լինելու հաջորդ մշակութային օջախը, որ պատրաստվում է այցելել:

«Դեռ չեմ մտածել, բայց ծրագրերը կլինեն մեծ մասամբ արվեստի, երաժշտության, սպորտի ասպարեզում, ծրագրում եմ նաեւ աշխատել երեխաների, կանանց, տարեցների հետ եւ համար»,-ասաց Նունե Սարգսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում