Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումները ցույց են տվել Արցախի կայացած ժողովրդավարական պետություն լինելը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները հերթական անգամ ցույց են տալիս, որ այն կայացած ժողովրդավարական պետություն է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով ընդդեմ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների Արցախում իրականացվող բողոքի ցույցերին, այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Իրավական տեսանկյունից, նույնիսկ սահմանափակ քանակություն ունեցող կուսակցական ուժը, որը բողոքի ցույց է կազմակերպել՝ ընդամենը 30 հոգով, կարող է նման ցույցեր կազմակերպել և պահանջել երկրի ղեկավարի հրաժարականը: Այս ամենը ցույց տվեց նաև մեկ այլ կարևոր հանգամանք, որ Արցախի պետականությունը հզոր է, և չկա որևէ թուլություն պետության կողմից, և ոչ ոք չի կարող նրան պարտադրել իր կամքը: Բոլորս պետք է անվերապահորեն հետևենք օրենքին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից»,- նշեց Բաբայանը:
Նա անհասկանալի է համարում որոշ քաղաքական ուժերի կողմից Արցախի գործող նախագահի հրաժարականի պահանջով հանդես գալը:
«Նրանք չեն սպասում մինչև 2020 թիվը, երբ կավարտվի նախագահի պաշտոնավարման ժամկետը: Բակո Սահակյանն արդեն հայտնել է, որ նա երրորդ անգամ չի պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում: Այդ պահանջը ցնորամիտ կարծիք եմ համարում, բայց կարծում եմ, որ սա ավելի խորքային խնդիր ունի իր մեջ, այն է՝ վախը»,- ընդգծեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը:
Բաբայանը շեշտեց, որ արցախցիների մոտ հիվանդագին ձևով արտացոլված է արդարության գործոնը:
«Եթե նախագահը հայտարարեր, որ առաջադրվելու է նախագահի թեկնածու, ապա ժողովուրդը որպես թիրախ կհամարեր ու կասեր, որ սա անարդար է ու ամենամեծ հարվածն է ժողովրդավարությանն ու պետականությանը: Այս ամենի ներքո իրենք կոծկում են իրենց սեփական սխալներն ու թերությունները»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Նա ընդգծեց, որ այլ քաղաքական ուժեր պետք է դուրս գան ժողովրդի առաջ և ներկայացնեն իրենց արժանիքները, քանի որ փոքր երկրում հնարավոր չէ, որ որևէ մեկը լինի գող ու ավազակ, բայց ասի, թե ժողովրդի կողմից է:
«Որոշ քաղաքական ուժեր փորձ են կատարում տիրանալ պետական լծակներին, որպեսզի մաքրեն իրենց թյուր կողմերը, բայց մեր ժողովուրդը ցույց տվեց, որ շատ մեծ քաղաքական գիտակցություն ունի»,- եզրափակեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում