Ո՞ր հավաքականներին են երկրպագելու քաղաքական գործիչները Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, ովքե՞ր են նրանց ֆավորիտները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Այսօրվանից՝ հունիսի 14-ից սկսած, ամբողջ աշխարհի ֆուտբոլասերների ուշադրությունը 1 ամիս շարունակ կենտրոնացած է լինելու Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության վրա: Աշխարհի 21-րդ առաջնության չեմպիոնի գավաթի համար պայքարելու է 32 թիմ:
Tert.am-ը զրուցել է քաղաքական գործիչների հետ՝ պարզելու համար, թե որ հավաքականներին են երկրպագուն նրանք, ում են առաջնության ֆավորիտ համարում:
«Միավորված աշխատանքային կուսակցության» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը դժվարացավ նշել, թե ով կհռչակվի աշխարհի չեմպիոն, բայց նա ցանկանում է հաղթողի դերում տեսնել Արգենտինային՝ հավաքականի խաղացող Լիոնել Մեսսի համար:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ չեմպիոնության հավակնորդները 5-ն են՝ Արգենտինան, Բրազիլիան, Գերմանիան, Իսպանիան և Ֆրանսիան:
«Ես փոքրուց Արգենտինայի և Դիեգո Մարադոնայի երկրպագու եմ, նաև հայ-արգենտինական բարեկամության խմբի նախագահն եմ և ցանկանում եմ, որ չեմպիոնը լինի Արգենտինան: Հիմա էլ՝ Լեո Մեսսիի համար, որը արժանի է և պետք է դառնա աշխարհի չեմպիոն»,- նշեց Է. Շարմազանովը:
ՀՀ արտգործնախարարի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանն էլ հայտնեց. «Միշտ հետաքրքրված եմ եղել ֆուտբոլով, բայց հիմա հայտնի իրադարձությունների պատճառով («Թավշյա հեղափոխության»- խմբ.) չեմ հետևում»: Ապա Ռ. Ռուբինյանը հարցրեց՝ Իսլանդիան մասնակցո՞ւմ է աշխարհի առաջնությանը, և տեղեկանալով, որ այո, ասաց՝ «ուրեմն՝ Իսլանդիան կդառնա չեմպիոն»:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանն էլ համոզված է, որ Իսպանիան է դառնալու չեմպիոն:
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Իսպանիայի հավաքականի երկրպագու է: Չնայած մարզչական վերջին տեղաշարժերին, ըստ նրա, Իսպանիայի հավաքականը պատրաստ է՝ առաջ գնալու և նվաճելու աշխարհի գավաթը: Սամվել Ֆարմանյանի կարծիքով՝ այս աշխարհի առաջնության չեմպիոն դառնալու մեծ շանսեր ունեն Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները, քանի որ երկուսն էլ խաղային բոլոր դիրքերում ունեն շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ, խոշոր մրցաշարերի փորձ և երկար պահեստային նստարան:
«Ես հասկանում, որ ամբողջ աշխարհը սպասում է, որ Արգենտինան հռչակվի չեմպիոն, և Լիոնել Մեսսին նվաճի այդ տիտղոսը, բայց կարծում եմ, որ Արգենտինան այս անգամ չի կարողանա նվաճել աշխարհի գավաթը»,- ասաց Ս. Ֆարմանյանը:
Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ հուլիսի 15-ին կայանալիք երզրափակչում միմյանց դեմ դուրս կգան Գերմանիայի և Բրազիլիայի ընտրանիները, իսկ հաղթողը, ըստ Հ. Հակոբյանի, կլինի Գերմանիան:
ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն էլ նշեց, որ իր դիտած առաջին՝ 1974 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունից մինչև հիմա մշտապես երկրպագել է Գերմանիայի հավաքականին. «Հիմա էլ առիթ ու պատճառ չունեմ նրանց չերկրպագելու: Հուսամ՝ այս անգամ էլ նրանք կարդարացնեն իմ մեծ սպասելիքները»,- ասաց պատգամավորը:
ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօրվա դրությամբ դժվարանում է կանխատեսում անել. «Այսօր մի հատ խորամուխ կլինեմ, մի երկու օր կդիտեմ, կասեմ: Իսկ թե ում եմ ուզում, կուզենայի, որ լիներ թիմ, որտեղ իմ կողմից հարգված ֆուտբոլիստ կլինի: Ասենք՝ Իսպանիա, Բելգիա, որտեղ Էդեն Ազար կա, Բրազիլայում՝ Նեյմար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում