Deutsche Grammophon-ի արտիստ Մեհաե Ռյոն սիրով կվերադառնա Հայաստան

Deutsche Grammophon-ի արտիստ Մեհաե Ռյոն սիրով կվերադառնա Հայաստան

Deutsche Grammophon-ի արտիստ, հանրահայտ թավջութակահար, Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի անդամ Մեհաե Ռյոն (Հարավային Կորեա) տպավորված է Հայաստանում անցկացված միջազգային ստուգատեսի կազմակերպչական մակարդակից և մասնակից երաժիշտների պրոֆեսիոնալիզմից:

«Մրցույթի մասնակիցները շատ բարձր մակարդակի երաժիշտներ էին, նրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ էր նվագում: Կարծում եմ, որ այս մրցույթին մասնակցելն ինքնատիպ փորձ էր նրանց համար: Չէ՞ որ Խաչատրյանի մրցույթն աշխարհում ամենահայտնի ստուգատեսներից մեկն է: Շատ հետաքրքիր էր տեսնել ու լսել բոլոր երիտասարդ երաժիշտներին: Իսկապես մեծ հաճույք ստացա: Շատ սիրեցի նաև մրցույթի ժյուրիի բոլոր անդամներին: Շատ ընկերասեր մարդիկ էին, մենք լավ լեզու գտանք»,- Panorama.am-ին Մեհաե Ռյոյի խոսքը փոխանցում են մրցույթի կազմակերպիչները:

Խոսելով մրցույթի մասնակիցների կատարողական որակի մասին՝ հանրահայտ թավջութակահարը փաստում է՝ մասնակիցները պրոֆեսիոնալ առումով մեծ ապագա ունեն:

Արտիստն առաջին անգամ է Հայաստանում: Նշում է՝ չափազանց ուրախ է, որ իրեն հրավիրել են Հայաստան, սիրով կվերադառնա Հայաստան՝ հանդես գալու որպես երաժիշտ-կատարող: Արամ Խաչատրյանի գործերից էլ է կատարել:

Անդրադառնալով Deutsche Grammophon-ի հետ իր համագործակցությանը՝ Մեհաե Ռյոն նշում է, որ այն երաժշտական աշխարհում ամենահայտնի լեյբլն է: Այս ընկերության հետ աշխատում են միմիայն աշխարհի ամենապրոֆեսիոնալ երաժիշտները: Հարավային Կորեայի ամենահայտնի արտիստի խոսքով, իրեն շատ բախտավոր է համարում, քանի որ Deutsche Grammophon-ի հրավերով ձայնագրություն է կատարել Nürnberger Symphoniker-ի հետ: Ակնկալում է, որ առաջիկայում ևս կհամագործակցի դասական երաժշտության ասպարեզում թիվ մեկ ձայնագրող ընկերության հետ:

Մեհաե Ռյոն նաև նշել է, որ թավջութակն այնքան էլ մեծ ժողովրդականություն չի վայելում, ինչպես, օրինակ, ջութակը կամ դաշնամուրը: Բայց նա լիահույս է, որ թավջութակահարների տաղանդավոր սերունդ է ի հայտ գալիս: Խաչատրյանական ժյուրիի անդամի հավաստմամբ՝ նրանց կատարողական մակարդակն ավելի ու ավելի բարձր է դառնում:

Հիշեցնենք, որ 14-րդ միջազգային մրցույթն անցկացվել է հունիսի 6-14-ը, այս անգամ` թավջութակ մասնագիտությամբ: Մրցույթում առաջին մրցանակի է արժանացել Դանիան ներկայացնող թավջութակահար Ջոնաթան Սվենսենը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում