Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» – մաս 9
Նմանատիպ
Բան ԾԵ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Հոգուս թևերով շրջեցի մարդկանց անթիվ անհամար սերունդների մեջ
Եվ ինքս իմ մեջ կշռադատելով՝ չգտա ոչ ոք ինձ չափ մեղավոր.
Եվ դրա համար Դավթյան սաղմոսի խոսքերով սաստիկ,
Որ նմանում է դառն կշտամբող գավազանավոր կառավարչի,
Պախարակում եմ ինքս ինձ ահա.-
«Ո՞վ կհավասարվի ինձ չարության և անօրենության մեջ»:
Վկայում եմ և ես, կրկին անգամ հաստատելով,
Թե այս խոսքերն իսկապես ինձ են վերաբերում.
Ուստի գտնում եմ ես իրավացի համարել միայն մեղավոր ինքս ինձ,
Քան թե իմ խոսքերով շատերի դատապարտել:
Այսպիսով, իմ դեմ մեղանչողներին ներելուս համար՝
Գուցե դու էլ ինձ շնորհես ներում:
Բ
Եվ արդ, այս անգամ հաճոյական ի՞նչ աղաչանքներ
Եվ ընդունելի խունկերի անուշ ծուխեր մատուցեմ,
Գովյա՜լ երկնավոր թագավոր Քրիստոս,
Եթե ոչ խնդրել, որ օրհնես ինձնից անիծվածներին,
Արձակել կապվածներին և դատապարտվածներին ազատել,
Բարիք անել նզովվածներին և պսակել
թշնամանվածներին,
Սփոփել տրտմածներին և դարմանել խորտակվածներին,
Խնամել խրտնածներին և պատսպարել նենգվածներին,
Եվ մարմնով վիրավորվածներին բժշկել հոգով:
Եթե օրհնությամբ մոտեցա մեկին՝ լսի՛ր,
Իսկ թե անեծքով՝ մի՛ ընդունիր, գթա՜ծ:
Ես տառապյալս ամենաթշվառ, հետինս այս մատյանով աղոթողների մեջ՝
Բովանդակ հոգով ներեցի իմ դեմ մեղանչողներին:
Դո՛ւ արգելեցիր իղձը դժնդակ չար անեծքների,
Եվ ես խղճալով իմ հանդեպ բոլոր նենգավորներին՝
Իմ ամբողջ սրտով ցանկացա նրանց՝ հաշտություն գտնել բարիների հետ,
Եվ որոնց համար ծունր դնելով՝ պաղատեցի ես:
Հապա դու, որ ինձ այցի ես գալու,
Որքա՜ն ավելի պիտի ողորմես, ըստ քո մեծության,
Գովյա՜լ խնամակալ, կյանքդ մահկանացուիս,
Հզորդ՝ տկարիս, ամենակարողդ՝ վարանյալիս,
Աղբյուրդ իմաստության՝ հիմարիս և թմրյալիս:
Քանզի սխալվելով սաստիկ, ինչպես խավարին անընտել սուզակ,
Անզգայապես ես ինքս մահվան ծուղակը ընկա,
Չհասկացա կորուստը, որոգայթն անգիտացա,
Չտեսա որսացող ծածուկ մեքենաները,
Չկասկածեցի կեղծավոր վարմի խաբեությանը,
Չնկատեցի գայթակղությունը ինձ շրջապատած,
Չշոշափեցի պատանդիչ ցանցարկը կարթի,
Չարիքները վրա հասան ինձ,
Եվ ես չկարողացա ճանաչել նրանց, ըստ սաղմոսողի:
Գ
Եվ արդ, ինչպես որ մի հեթանոս իմաստասերի չիմացված մահը չարիք համարել թվաց իսկ որ ճիշտ,
Ես էլ իմ խոսքով հաստատում եմ այդ.
Քանզի անզգա անասունների պես մեռնում ենք ու չենք զարհուրում,
Կորչում ենք՝ ու չենք սարսափում,
Թաղվում ենք՝ ու չենք խոնարհում,
Տարագրվում ենք՝ ու չենք տագնապում,
Եղծվում ենք՝ ու չենք զղջում,
Մաշվում ենք՝ ու չենք հասկանում,
Պակասում ենք՝ ու չենք վերալրվում,
Քայլում ենք՝ ու չենք զգուշանում,
Գերվում ենք՝ ու չենք զգում:
Իսկ Հոբ երանելին հանգիստ է անվանում վախճանը մարդու,
Նույնը սուրբի հետ և ե՛ս կասեի,
Եթե մահացու գործերի բեռը ես չունենայի վրաս ծանրացած:
Մանավանդ որ որոգայթը գաղտնի է, և
Ըստ Եղիշեի՝ «Որպես և ասաց ոմն ի հնույն. «Մահ ոչ իմացյալ՝ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն է» – Պլատոնը հավանաբար կամ Կյուրիոն:
այն լարողն աներևույթ,
Եվ ժամանակի տարրը ոչնչից,
Անցյալը անհայտ, և ապառնին կասկածելի,
Ես անհամբեր, և բնությունս թերահավատ,
Ոտքերս անհաստատ, և միտքս ցնդած,
Կրքերս բռնավոր, և բարքս անժուժկալ,
Մարմինս մեղսամակարդ, և ցանկություններս երկրասեր,
Դիմադրությունը տնկակից է ինձ և խառնվածքս ներհակական,
Բնակարանս է կավեղեն, և անձրևներն ուժգնակի,
Կարիքներս անթվելի, և պատահարներն ամենագրավ,
Միտքս չարախնամ, և տենչերս չարակամ,
Կյանքս է միօրյա, և զվարճությունները վաղանց,
Խաբկանքներն են հիմարական, և խաղալիքները տղայական,
Աշխատություններն ընդունայն, և վայելքներն երազական,
Ամբարները ոչնչությամբ են լի, և
պահեստները քամով,
Ստվերի եմ նման, և կերպարանքս է ծիծաղելի,
Զի, ըստ Պողոսի, երբ պատվիրանը վրա հասավ,
Ինձ անպատրաստ գտնելով իրեն,
Կենդանացան մեղքերն արդարության երևումով,
Եվ ես մահացա կյանքի համար ու կորստյան համար կենդանացա:
Դ
Օտարներն ու չարի գունդերը գողացան սրտիս ստացվածքները,–
Համաձայն Գրքի կանխաբանության,
Որով սկսեց պակասել իմ մեջ իմաստությունը, ըստ առակողի,
Եվ ավելանալ ո՛չ բարու ցանկությունը:
Հոգուս աչքը չհառեցի կյանքիս գլուխը եղող Քրիստոսին,
Որպեսզի ուղիղ ճամփով գնայի:
Կամենալով ուժգին վազել՝ սուզվեցի սաստկապես,
Անչափելիին ձգտելով՝ չկարողացա
հասնել իմ չափին,
Փորձելով բարձրանալ մեծագույնին՝ գլորվեցի ցած,
Երկնային ուղուց՝ անդունդ գահավիժեցի,
Զգուշանալով առավելապես՝ խիստ վնասվեցի,
Ուզելով մնալ ամբողջական՝ մանրապես մասնատվեցի,
Ձախի դեմ մրցել կարծելով՝ աջից գայթեցի,
Երկրորդը փնտրելով՝ առաջինը կորցրի,
Աննշանի հետևից գնալով՝ կարևորից զրկվեցի,
Ուխտը պահել ուզելով՝ դաշինքը դրժեցի,
Սովորություններիցս կտրվելով՝ կորուսիչները գտա,
Փոքրերից փախչելով՝ մեծամեծների մատնվեցի,
Ինչ որ ես ինքս էի ստեղծել՝ դաժան դատախազ կարգեցի իմ դեմ:
Սրանց բոլորին մատնված գերուս՝ դու ինքդ միայն կարող ես փրկել,
Մահվան ընծայված հոգիս վերստին կյանքին դարձնելով,
Զի դու միայն, Տեր Հիսուս, ճանաչվում ես բարերար,
Անսահման փառքով Հոր և Սուրբ Հոգու հետ
Հավիտյաններից հավիտյանս․ ամեն։