Ալեքսանդր Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանի տա՞նն է գիշերում

Slaq.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևան է ժամանել Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Կայքի աղբյուրները տեղեկացնում են, թե Լուկաշենկոյին հենց օդանավակայանից դիմավորել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Վերջինս Բելառուսի նախագահին ուղեցել է իր առանձնատուն, որտեղ գիշերելու է Լուկաշենկոն, քանի որ նրանք մտերիմ ընկերներ են:

Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Բելառուսի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ՀՀ Նախագահի նստավայրում: Պաշտոնական այցի շրջանակներում Բելառուսի Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր’ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մայիսի 14-ին Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Հայկական ատոմային էլեկտրակայան: Նույն օրը Հայաստանի և Բելառուսի նախագահները ներկա կգտնվեն Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը: Հիշեցնենք, որ նշված եկեղեցին կառուցվել է Ծառուկյանների ընտանիքի կողմից:

Հայկական մի շարք լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ Լուկաշենկոն ներկա կգտնվի նաև Ծառուկյանին պատկանող խաղատուն-ռեստորանային շքեղ համալիրի բացմանը: Lurer.com-ի տեղեկությունների համաձայն, նշված համալիրի կառուցման համար Ծառուկյանն ավելի քան 100 մլն դոլար ներդրում է արել:

Ավելացնենք նաև, որ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն կմասնակցի նաև Երևանում հայ-բելառուսական առևտրի տան բացման արարողությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում