Ստանիսլավսկու անվան թատրոնն արդեն ութ ամիս է առանց գեղարվեստական ղեկավարի է

Ստանիսլավսկու անվան թատրոնն արդեն ութ ամիս է առանց գեղարվեստական ղեկավարի է

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնն արդեն ութ ամիս է գեղարվեստական ղեկավար չունի։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո գեղարվեստական ղեկավարի ընտրություն տեղի չի ունեցել։

Panorama.am-ը թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանից հետաքրքրվեց, թե, ի վերջ, երբ տեղի կունենա գեղարվեստական ղեկավարի ընտրություն և այս ընթացքում թատրոնն ինչպե՞ս է աշխատել։

Նա տեղեկացրեց, որ հունիսի 21-ին նշանակված է գեղարվեստական ղեկավարի ընտրություն, սակայն կարող է մի քանի օրով հետաձգվել, եթե մինչ այդ մշակույթի նախարարը չհանդիպի կոլեկտիվի հետ։

«Նախարարը ցանկություն է հայտնել հանդիպել կոլեկտիվի հետ։ Ընտրության օրը կարող է նախարարի խնդրանքով մի փոքր հետաձգվի»,- ասաց Ֆ. Դավթյանը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 20-ն է։ Մինչ այս պահը, թատրոնի տնօրենի խոսքով, ինքնաառաջադրվել են Ալեքսանդր Գրիգորյանի դուստր դերասանուհի, բեմադրիչ Նորա Գրիգորյանը և թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը։

Նա նաև ասաց, որ թեև թատրոնը գեղարվեստական ղեկավար չունի, բայց թատրոնը շարունակել է աշխատել և աշխատում է՝ ընթանում են ներկայացումներ, փորձեր։ Ֆ. Դավթյանը տեղեկացրեց, որ գեղարվեստական խորհուրդն այժմ քննարկում է չորս պիես՝ ընտրելու նոր թատերաշրջանում բեմադրելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում