Կրոնական տեսակետ էֆթանազիայի մասին
Նմանատիպ
ԱՄՆ-ի որոշ նահանգներում, Եվրոպական առաջադեմ երկրներում` Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ընդունվել և ընդունվում են օրենքներ, որոնք, մի շարք չափանիշներ հաշվի առնելով, թույլատրել են էֆթանազիան: Սակայն Կաթոլիկ Եկեղեցին դեմ է այս երևույթին: Հայ Առաքելական Եկեղեցին ևս անընդունելի է համարում այն, թեև Հայաստանի Հանրապետությունում էֆթանազիան թույլատրող օրենք չի ընդունվել: Էֆթանազիայի վերաբերյալ ի՞նչ է ասում Աստվածաշունչը, Եկեղեցին:
Էֆթանազիան օրինականացվել է միայն մի քանի երկրներում` Բենելյուքսի երեք երկրներում (այս անունն այդ երկրների մեջ մտնող պետությունների անվանումների հապավումն է` Բելգիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը), Շվեյցարիայում և ԱՄՆում` Վաշինգտոնում, Օրեգոն, Կալիֆորնիա, Վերմոնտ նահանգներում, իսկ Մոնտանա նահանգում թույլատրելի է համարվել հիվանդի ինքնասպանությանը սատարելը, երբ մարդը որոշում է կայացրել իր ձեռքով իր հանդեպ կիրառել էֆթանազիան:
Ըստ Աստվածաշնչի` կյանքն Աստծո պարգևն է, Աստված Ինքն է կյանքի արարիչը: Ծննդոց գրքում կարդում ենք, որ Աստված է ստեղծել ու կյանք տվել բոլոր կենդանի արարածներին (1.1-27): Այս իմաստով մարդն իրավունք չունի մերժել Աստծո պարգևը և կամ դրան վերաբերվել ըստ իր հայեցողության: Սա վերաբերում է անգամ կենդանիների կյանքին:
Դրախտում, այնուհետ մարդկության գոյության սկզբնական շրջանում մարդկանց թույլատրված չէր կենդանիների սպանություն կատարել, իսկ կենդանակերությունը միայն ջրհեղեղից հետո թույլատրվեց Աստծո կողմից (Ծննդ. 9.3): Հին Կտակարանում մենք տեսնում ենք նաև մահապատժի սահմանումներ մովսիսական օրենքում (Ելք 19.12, 21.16, 22.20, 35.2; Ղևտ. 20.2, 20.9-16, 21.9, 24.16; Բ Օր. 13.6-10, 17.12, 21.20-21), սակայն այս ամենի վրա գերիշխում էր «մի՛ սպանիր» (Ելք 20.13) պատվիրանը: Մահապատիժների, ինչպես նաև այլազգիների դեմ ելնելու և նրանց ոչնչացնելու լիազորությունը տալիս էր Աստված, և մարդուն արտոնված չէր իր կամեցողությամբ սպանություններ կատարել:
Աստծո հայացքի առջև միաժամանակ ներկա են երկու իրականություններ` այս երկրային, ժամանակավոր աշխարհը և հավիտենությունը, մինչդեռ մենք հիմնականում ականատես ենք երկրայինին, իսկ հավիտենականին հավատում ենք: Մարդու համար սպանությունը մեկին ոչնչացնելու արարք է, իսկ Աստծո պարագայում՝ որևէ մեկին այս իրականությունից հավիտենական իրականություն փոխադրելն է:
Եկեղեցական կանոնների համաձայն` անգամ պատերազմների ժամանակ հավատքը, հայրենիքը, սրբազան արժեքները պաշտպանելու ելած զինվորների կողմից կատարված սպանությունը թեև մարդասպանության մեղք չի համարվում, սակայն նկատվում է մի արարք, որի պատճառով տվյալ անձին երեք տարի արգելվում է մոտենալ Սուրբ Հաղորդության` կատարած արարքից ինքնամաքրումով սրբվելու համար:
Զինվորի ծառայությունը Քրիստոսի կողմից հայտարարված մեծագույն սիրո արտահայտությունն է՝ ըստ տերունական հետևյալ խոսքի. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15.13): Սակայն նույնիսկ մեծագույն սիրո դրսևորման այս դեպքում, անգամ հայրենիքի, սրբազան արժեքների պաշտպանության համար կատարված սպանությունը մաքրագործման ենթակա է համարվում: Ուրեմն, առավել ևս չարչարանքների, ցավերի մեջ գտնվող հիվանդի սպանությունը դիտվում է որպես մարդասպանություն և անընդունելի է կրոնական տեսակետից:
Աղբյուր՝ christianity4all.com։
Հետևեք մեզ նաև Telegram-ում