Բոլորը մեկին չպիտի սպասեն

Բոլորը մեկին չպիտի սպասեն

Հեղինակ` Տաթև Մանուկյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ու Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ «ՀՀ մշակութային քաղաքականության ուղղություններն ու հիմնահարցերը միջազգային պարտավորությունների համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներ, որին ներկա էին մշակույթի ոլորտի տասնյակ ներկայացուցիչներ։

Նիստին ներկա չէր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ում, կարծես, պետք է ամենաշատը հետաքրքրեր, բացի այդ լավ առիթ էր հանդիպելու և ծանոթանալու այն մարդկանց հետ, ում հետ պետք է աշխատի։ Ներկա էին փոխնախարարները։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնիսկ նկատողություն արեց. «Հարգարժան փոխնախարարներ, խնդրում եմ փոխանցեք նախարարին, որ տարրական բարեկրթությունը պահանջում է, որ եթե ինքը ներկա չէ և ունի շատ ավելի կարևոր հանձնառություն, նախապես տեղեկացնել գլխադասային հանձնաժողովներին»։

Panorama.am -ը հետաքրքրվեց մշակույթի նախարարությունից, թե ի՞նչն է պատճառը, որ նախարարը չի մասնակցել լսումներին։ Նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանն ասաց, որ նույն ժամին կառավարության արտահերթ նիստն էր, նախարարը մասնակցում էր այդ նիստին։

Նշենք, որ ՀՀ կառավարության արտահերթ նիստը ժամը 13։00-ին, իսկ ԱԺ -ում լսումները՝ 12:00-ին։

Անի Սմբատյանը նաև ասաց, որ նախարար Լ. Մակունցը տարբեր ձևաչափերով հանդիպումներ է իրականցնում ոլորտի ներկայացուցիչների հետ։

Տարբեր ձևաչափը հանրությանը հասանալի չէ, այնինչ հանրային քննարկումը, որտեղ մշակույթի նոր նախարարը ճակատ առ ճակատ հնարավորություն ուներ հանդիպելու ոլորտի ներկայացուցիչների ու ոլորտից հասկացողների հետ՝ հանրության համար շատ կարևոր էր: Ինչպես և սպասելիքները մշակույթի ոլորտից, որ հայ ժողովուրդը հատկապես կարևորում է այս օրերին՝ որպես նոր զարթոնք:

Բացակա չլինեք այդ զարթոնքից: Այն կարող է պահանջ դառնալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում