Ստանիսլավսկու անվան թատրոնում հնարավոր է այսօր գեղ.ղեկավարի ընտրություն տեղի չունենա

Ստանիսլավսկու անվան թատրոնում հնարավոր է այսօր գեղ.ղեկավարի ընտրություն տեղի չունենա

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանական և ստեղծագործական կազմն այսօր պետք է թատրոնի գեղարվեստական ղեկավար ընտրեր, սակայն դեռ պարզ չէ՝ կլինի այսօր ընտրություն, թե ոչ։ Panorama.am-ը թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանից տեղեկացավ, որ այսօր ժամը 13։00-ին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպելու է թատրոնի կոլեկտիվի հետ։

«Չեմ իմանում, գուցե նախարարն ինչ-որ որոշմամբ է գալիս։ Նախարարի հետ հանդիպումից հետո կերևա՝ կկատարվի ընտրություն, թե ոչ։ Առայժմ ինֆորմացիա ունենք, որ նա գալիս է կոլեկտիվի հետ հանդիպման»,- ասաց Ֆ. Դավթյանը։

Ավելի վաղ գրել էինք, որ գեղարվեստական ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար ինքնաառաջադրվել են նույն թատրոնից դերասանուհի, բեմադրիչ Նորա Գրիգորյանը և դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը։

Թատրոնի տնօրենն ասաց, որ նոր թեկնածուներ չկան, սակայն կա ստեղծագործական և դերասանական մի խումբ, որն ունի իր ծրագիրը։ Դեռ տեղյակ չէ՝ արդյոք այդ ծրագրով նախատեսում են թեկնածուի առաջադրում, թե ոչ։

Նշենք, որ Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնն արդեն ութ ամիս է գեղարվեստական ղեկավար չունի։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո գեղարվեստական ղեկավարի ընտրություն տեղի չի ունեցել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում