Մարդը որպես արժեք և բնություն

Մարդը որպես արժեք և բնություն

Մարդու արժեք լինելու ընկալումն ի՞նչ կապ ունի բնապահպանական խնդիրների կամ դրանց լուծման հետ:

«Մարդն իբրև արժեք» գաղափարի շուրջ տարբեր մտորումներ կան: Ըստ մի կարծիքի` արժեքն ինքնին չի արտահայտվում, այլ մարդու նկատմամբ հարաբերության մեջ է դրսևորվում, որով մարդը, ինքն իր հանդեպ իրեն գնահատող լինելով, ինքնահռչակվում է որպես արժեք: Եվ մարդու հայտարարումը որպես գերագույն արժեք՝ բերում է ավելի ցածր կամ ցածրագույն արժեքների առկայության հաստատումը:

Աշխարհիկ, հումանիստական տեսակետի համաձայն` արժեք են մարդն ու իր իրավունքները: Նմանատիպ մոտեցմամբ վերածննդի ժամանակաշրջանում մարդն արժեք էր համարվում մարդակենտրոնությամբ, մարդկային արժանիքները, տաղանդը սոսկ մարդուն վերագրելու, աստվածային շնորհի ներգործությունը կարևոր չհամարելու, իր սեփական կյանքի ու ճակատագրի արարողը լինելու հաստատումներով:

Հավանաբար վերոնշյալ դիրքորոշումն է պատճառը, որ այսօր աշխարհում մարդու իրավունքների վկայակոչումով անտեսվում են քրիստոնեական բարոյական արժեքները, քանզի նման դիրքորոշմանը հարողներն ընդունելի են նկատում մարդու կողմից իր կարիքների բավարարման իրավունքը, եթե նույնիսկ դրանք հակասում են քրիստոնեության բարոյականության ընկալումներին: Հանուն այդ արժեք հանդիսացող մարդու և իր իրավունքերի` նոր ժամանակներում կարող են անգամ այլ «քրիստոնեական» մեկնաբանություն տալ բարոյականությանը, ինչն ակնհայտ է արևմտյան երկրներում և այդտեղ հաստատված եկեղեցիների գործունեության մեջ:

Մեկ այլ կարծիքով` մարդն արժեք է, քանզի գերագույն արժեք հանդիսացող մարդկային կյանքն է կրում իր մեջ: Այստեղ նույնանում են մարդու և կյանքի արժեք լինելու հաստատումները, ինչի եզրահանգումն այն է, որ մարդկային կյանքն է արժեքը: Սա համահունչ է քրիստոնեության մեջ արտահայտված տեսակետին մարդկային կյանքի գերագույն արժեք լինելու վերաբերյալ: Սակայն մարդկային կյանքն ինքնին չի գոյավորվում, այլ կայանում է մարդու վրա, մարդու միջոցով: Այս իմաստով ևս կարող ենք ասել, որ մարդն արժեք է:

Կաթոլիկ Եկեղեցին հայտարարում է, որ մարդկային կյանքը սուրբ է, և մարդկային անձի արժանապատվությունը հասարակության համար բարոյական տեսլականի հիմքն է: Կաթոլիկ Եկեղեցու պաշտոնական «Կատեխիզիսում»` «Մարդ» ենթավերնագրի ներքո, 6-րդ պարբերության 363-րդ կետում արձանագրված է հետևյալը:

Սուրբ Գրքում «հոգի» եզրը հաճախ վերաբերում է մարդկային կյանքին կամ ողջ մարդկային անձին: Բայց «հոգին» նաև վերաբերում է մարդու ներքին կողմին, ինչը նրանում ամենամեծ արժեքն է, որով նա հիմնականում արտահայտում է իր աստվածային պատկերը. «հոգին» նշանակում է մարդու հոգևոր սկիզբը:

Այստեղ մեջբերվում է միայն Կաթոլիկ Եկեղեցու պաշտոնական տեսակետը, քանզի Օրթոդոքս Եկեղեցիները, ինչպես և Հայ Առաքելական Եկեղեցին Կատեխիզիսներ` քրիստոնեական հավատքի պաշտոնապես հաստատված ուսուցարաններ չունեն: Սակայն մարդու վերաբերյալ Կաթոլիկ Եկեղեցու արտահայտած այս ուսուցումն ընդհանուր քրիստոնեական վարդապետության արտահայտումն է: Ըստ այդմ` կարող ենք ասել, որ քրիստոնեական տեսակետով մարդն արժեք է աստվածաշնորհ կյանքով, իր աստվածային պատկերով, նաև հոգևոր լինելու իրողությամբ:

Բնապահպանական խնդիրների և դրանց լուծման հետ մարդու արժեք լինելու ընկալումն առնչվում է հետևյալ կերպ: Բնության վնասումը բերում է մարդու և նրա կյանքի վտանգման: Մարդիկ հաճախ անտեսվում են բնության խոշոր շահագործողների կողմից: Բացի այդ, մարդիկ նաև ստորադասվում են բնության բարիքներից ստացվող օգուտներին: Այսպես, օրինակ, հանքափորները երկրի ընդերքից օգտակար հանածոներ են հանում: Հանքատերերը կա՛մ ոչինչ չեն անում, եթե բաժնետերեր են, կա՛մ զբաղվում են աշխատանքի կազմակերպմամբ, ինչը, հանքերում աշխատողների գործի դժվարության հետ համեմատած, թեթև, թեև անհրաժեշտ զբաղմունք է:

Հանքատերերը հանքերից խոշորագույն շահույթներ են ստանում: Հանքափորներն այդ շահույթի համեմատ տաժանակիր ու քրտնաջան աշխատանքով միայն հասցնում են իրենց և իրենց ընտանիքների կենսական կարիքները հոգալ: Հանքատերերը մեծահարուստներ են, մինչդեռ նրանց իշխանության տակ աշխատող հանքափորները հանապազօրյա հացի համար աշխատում են` վտանգելով իրենց առողջությունը, անգամ` կյանքը:

Այս օրինակի մեջ հարուստ սեփականատերերը կարող են իրենց շահույթներից մշտական շահութաբաժին հատկացնել քրտնաջան աշխատողներին` նրանց ու նրանց ընտանիքների կենսամակարդակն ավելի բարձրացնելու համար: Բայց շատերն այդպիսի «շռայլություն» չեն անում: Նրանց հետաքրքրում է առավելաբար ստացվող նյութական շահը, որի համար օգտագործում են ոչ միայն բնությունը, այլև մարդուն ու մարդկային կյանքը: Հանքերի և դրանց մշակման գործարանների շուրջը վնասվում է միջավայրը, ըստ որոշ տվյալների` նաև բնակիչների առողջությունը: Այս դեպքում հանուն շահի անտեսվում են ոչ միայն աշխատողները, այլև շրջակա բնակիչները:

Բնության շահագործումը, որից առաջացած բարիքներն օգտակար են մարդկանց համար, նույնպես կատարվում են առհասարակ մարդկանց անտեսումով, քանզի հաճախ նկատի է առնվում և նպատակ լինում այդ գործողությունից ստացվող նյութական շահը և ոչ թե առաջին հերթին մարդկանց, մարդկությանը, աշխարհին օգուտ բերելու վեհ ու առաքինի ձգտումը:

Այսպիսի իրավիճակներում մարդը կամ մարդկային կյանքն արժեքից վերածվում է միջոցի: Մարդը դառնում է գործիք շահույթների ձեռքբերման: Մարդն օգտագործվում է տարբեր նպատակների համար, որոնք ավելի են արժևորվում, քան մարդը, որը դիտարկվում է սոսկ միջոց` նախատեսված օգուտներին հասնելու: Այսպիսով, մարդու արժեքը ոչնչացվում է հանուն նյութականի, կենդանի մարդը վերածվում է միջոցի նյութական արժեքների համար, որոնք ավելի են մեծարվում, քանի մարդն ու մարդկային կյանքը:

Այս է պատճառը, որ հասարակություններում թշվառությունների, աղքատությունների առկայությունը կասկածի տակ է դնում արդի աշխարհում մարդու կամ մարդկային կյանքի արժեք լինելու ընկալման ներկայությունը: Գործատուների կողմից աշխատանքի, դրա արդյունքի և դրանից ստացված շահույթի գերարժևորումը և աշխատողներին այդ նպատակի համար միջոց նկատումն առանց նրանց հանդեպ հատուկ հոգածության, կենսամակարդակի ու բարօրության առավել բարելավման ջանքերի և այլ հոգատարության դրսևորման, վկայությունն է նյութի նախապատվությամբ աստվածային պատկերով ստեղված մարդու ստորակարգման ու շահագործման:

«Սիրեցեք միմյանց» քրիստոնեական սկզբունքը (Հովհ. 13.34) և դրա գործադրումը հաստատումն է մարդու և մարդկային կյանքի արժեքի, որի հանդեպ մտահոգությունը նաև բարերար է բնության ու շրջակա միջավայրի համար:

 

Աղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում