Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» և աշխարհի արարումը
Նմանատիպ
Հեղինակ` Տաթև Մանուկյան
Հունիսի 22-ին Երևանի Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի բակում՝ Երվանդ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» քանդակի մոտ, տեղի է ունենալու համերգ- միջոցառում՝ «Քոչար. X Մուսան»։ Սա Kochar Sculptures Fest շարքի հերթական միջոցառումն է, երբ քոչարյան քանդակների մոտ, յուրաքանչյուրին համապատասխան հետաքրքիր ծրագրով փորձում են մեկ անգամ ևս հանրությանը իրազեկել այս կամ այն քանդակի ստեղծման պատմությունը, դրանցում թաքնված սիմվոլ – գաղտնիքները, քոչարյան ուղերձները։ Միջոցառման ծրագրում նախատեսված է համերգ՝ MHHOG ռոկ խմբի մասնակցությամբ, «Քոչարի Կիբերնետիկայի մուսան» տեսաֆիլմի ցուցադրություն՝ հայերեն և ֆրանսերեն լեզուներով։ Միջոցառման կազմակերպիչն է Երվանդ Քոչարի թանգարանը Արվեստի զարգացման աջակցում ՀԿ-ն հետ համագործակցությամբ։
Թանգարանն արդեն նմանատիպ միջոցառումներ անցկացրել է «Սասունցի Դավիթ», «Վարդան Մամիկոնյան» քանդակների մոտ։
Panorama.am-ը Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարից հետաքրքրվեց, թե որն է նմանատիպ միջոցառումների անցկացման նպատակը, արդյո՞ք ամեն ինչ հայտնի չէ Քոչարի, նրա յուրահատուկ արվեստի մասին։
«Նախ՝ Երվանդ Քոչարի արվեստն անընդհատ հանրահռչակելու խնդիր ունենք։ Մենք ասում ենք, որ Հայաստանն ունի 21-րդ դարում ներկայանալու արվեստ այն դեպքում, երբ ուրիշ պետություններ, ազգեր խնդիր ունեն գտնելու 21-րդ դարին համահունչ իրենց արվեստագետին։ Հայաստանի դեպքում ունենք Քոչարի կարգի արվեստագետի, ով 21-րդ դարի արվեստ է մատուցել և հատկապես «Կիբեռնետիկայի մուսայի» տեսքով»,- ասաց Կ. Քոչարը։
Նա նշեց, որ այսօր իրենց թանգարան այցելուների, հատկապես հայաստանյան, մեծ մասին Քոչարը հայտնի է միայն որպես «Սասունցի Դավիթ» քանդակի հեղինակի, որպես քանդակագործ, սակայն այցելելով թանգարան՝ բացահայտում են Քոչար գրաֆիկի, նկարչի, նորարարի։
«Մենք ասում ենք, որ Քոչարը մեր ազգային զարթոնի ներկայացուցիչներից կարող է համարվել, կոնկրետ ստեղծագործություններ նշելով կարող ենք ապացուցել իր այդպիսին լինելը։ Մեր մոտեցումն է, որ Քոչարի անունը հայաստանյան բրենդ է, միգուցե դեռ ոչ լրիվ արժեվորված։ Ցանկացած այցելու իր համար դա բացահայտում է։ Մենք աշխարհին կարող ենք հանգիստ, հպարտորեն ներկայանալ այս ստեղագործողի ժառանգությամբ»,- ասաց Կ. Քոչարը։
«Կիբեռնետիկայի մուսան» քանդակը Քոչարը ստեղծել է 1972 թվականին։
«Ըստ Քոչարի, Աստված աշխարհի արարումը յոթ օրում չի ավարտել, այն այսօր շարունակվում է մարդկանց միջոցով, ձեռքերով։ Այդ մուսան դրա խորհրդանիշն է»,- քանդակի մասին ասաց Կարինե Քոչարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում