Բողոքի ակցիա «Ոսկու աշխարհում»․ ՈՒՂԻՂ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Երևանի Ոսկու շուկայի որոշ աշխատակիցներ դժգոհ են վաճառատեղիի վարձավճարի չափից: Նրանք հունիսի 21-ին բողոքի ակցիա են կազմակերպել՝ բարձրաձայնելու իրենց մտահոգող հարցերը:Աշխատակիցները նշում են, որ շուկայում տեղի վարձավճարը բարձրացվել է:
Նախկինում վճարում էին ամիսը 35 հազար դրամ, իսկ հիմա դարձել է 50 հազար դրամ: Աշխատակիցները տեղեկացրեցին, որ զեղչվել է 10 հազար, այժմ պարտավոր են վճարել 40 հազար համար: Նրանք նշում են, որ իրենց վաստակած ֆինանսական ծավալներն այնքան չեն, որ կարողանան տեղի թանկ վարձավճար տալ: Դրանից բացի, աշխատողները տեղյակ չեն, թե այդ թանկացումներն ինչի համար են: Նրանք դժգոհում են նաև վաճառասրահներում եղած պայմաններից, որտեղ, նրանց բնորոշմամբ, «օդ չկա շնչելու»: Աշխատակիցները տեղեկացրեցին, որ տնօրենի հետ խոսել են, սակայն արդյունքի չեն հասել:
Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հունվար ամսից աշխատողների հետ ունեն կնքած պայմանագիր այն մասին, որ և՛ հին, և՛ նոր սրահի աշխատողները պետք է վճարեն 50 հազար դրամ:
«Եկան խնդրեցին, ասացին մեզ համար 2 ամսով զեղչ սահմանեք, մենք ընդառաջեցինք, և նրանք վճարեցին 35 հազար դրամ: Մենք բացատրում ենք, որ ամեն ինչ թանկանում է, վարձավճարն այս գնով չի կարող մնալ: Հոսանքը, գազը թանկացել են, ծառայությունները թանկացել են, չենք կարողանում տեղավորվել: Հետո եկան ասացին կրկին 2 ամսով էլ երկարացնել, նորից ընդառաջեցինք, բայց հիմա էլ չենք կարող»,-ասաց Վաղարշ Աբրահամյանը՝ նշելով, որ աշխատողներին առաջարկել է գնալ այլ առևտրի կենտրոններ, եթե իր առաջարկած պայմանները ձեռնտու չեն: Նա նկատեց, որ կան աշխատողներ, ովքեր 50 հազար վճարում են և գոհ են:
Լրագրողների դիտարկմանը, թե նա աշխատողներին ահաբեկում է, Վաղարշ Աբրահամյանը նշեց, որ եթե նման բան պնդողներ կան, ապա թող դիմեն իրավապահներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում