ԲՀԿ-ն վերջապես կողմնորոշվել է

Տեւական ժամանակ քննարկումներից հետո ԲՀԿ-ն վերջապես կողմնորոշվել է, որ Երեւանի ավագանու ընտրություններում ձեռք բերված 17 մանդատները հետ չեն վերադարձնելու: Այս մասին ԳԱԼԱ-ին հայտնել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Որպես այդպիսին՝ խորքային քննարկումներ չեն եղել: Եղել է տեսակետ, որ պետք չէ վերցնել մանդատները, բայց գերակշռող էր այն տեսակետը, որ մենք բարոյական պարտավորություն ունենք այն հարյուր հազար երեւանցիների առջեւ, ովքեր իրենց վստահության քվեն տվել են ԲՀԿ-ին:

Որոշվել է վերցնել մանդատները եւ փորձել Երեւանի ավագանիում բարձրացնել այն հարցերը, որոնք այսօր հրատապ կանգնած են Երեւանի եւ երեւանցու առջեւ: Հստակ կա Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը բոլոր նրանց, ովքեր ներկայացված կլինեն Երեւանի ավագանիում, որ իրենց հիմնական աշխատատեղը ոչ թե իրենց փափուկ հանգիստ, կոմֆորտ աշխատասենյակներն են լինելու քաղաքապետարանում, այլ’ Երեւանի փողոցներում եւ բակերում, պետք է շարունակեն շփվել երեւանցու հետ եւ բոլոր խնդիրները, որ կան’ բարձրացնել:

Մենք այս ընթացքում տեսանք, թե ինչ լրջագույն խնդիրներ կային քաղաքում, հատկապես’ Կենտրոնից դուրս գտնվող թաղերում եւ բակերում: Դրանք բոլորը պետք է փորձել բարձրացնել Երեւանի ավագանիում: Առաջին երեք տեղերը ինքնաբացարկ կներկայացնեն, այսօր’ օրվա վերջում, պարզ կլինի բոլոր 17-ի անունը»:

Մեկ այլ աղբյուրի’ Armenpress.am-ի փոխանցմամբ, Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ավագանու իրենց անդամները հանդես կգան բարեփոխումներ կատարելու լուրջ ծրագրերով ու առաջարկներով:

Նա նաև նշել է, որ առաջնահերթությունների շարքում է Կոնդի խնդիրըինչպես նաև Անաստասավանի ու Էրեբունի վարչական շրջանի խնդիրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում