«Արմենիա» միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրում մեծահամբավ երաժիշտների
Նմանատիպ
Հուլիսի 2-6-ը Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Փառատոնի շրջանակներում կազմակերպիչները դասական երաժշտության սիրահարներին կպարգևեն հինգ անմոռանալի համերգային երեկոներ՝ հայտնի մենակատարների մասնակցությամբ և հետաքրքիր ռեպերտուարով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Երևան կժամանեն և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան մեծ համբավ վայելող մենակատարներ՝ Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու մրցույթի առաջին մրցանակակիր, դաշնակահար Դենիս Կոժուխինը, բազմաթիվ միջազգային մրցույթների, այդ թվում՝ Եղիսաբեթ թագուհու միջազգային մրցույթի դափնեկիր, աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Ցնայդերը, Մոսկվայի Բոլշոյ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակից Աննա Ագլատովան (սոպրանո), ով, 2005 թվականին ելույթ ունենալով Բոլշոյ թատրոնում, դարձել է աշխարհի նշանակալի այս երաժշտական հարթակի ամենաերիտասարդ մեներգչուհին։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի համերգները կկայանան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և մալթացի դիրիժոր Ալան Չիրկոֆի ղեկավարությամբ։ Նշենք, որ փառատոնի հյուրերը Հայաստանում ելույթ կունենան առաջին անգամ. կազմակերպիչների նպատակն է հայ երաժշտասերներին ծանոթացնել մեր ժամանակների կատարողական արվեստի լավագույն ներկայացուցիչների հետ։
Աղբյուրը նշում է, որ փառատոնի համերգային ծրագրերը բազմազան են. ընդգրկում են ինչպես հայ, այնպես էլ ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մասնավորապես, կներկայացվեն Գրիգոր Եղիազարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Գագիկ Հովունցի, Երվանդ Երկանյանի, Վարդան Աճեմյանի, Յոհաննես Բրամսի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրեդերիկ Շոպենի, Ջոակինո Ռոսինիի, Ալեքսեյ Շորի, ով այս տարի փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է, և այլ հեղինակների գործեր։
«Արմենիա» փառատոնը հյուրընկալելու է նաև ավելի քան 200 զբոսաշրջիկների, որոնք գալիս են Հայաստան՝ հենց այս փառատոնին մասնակցելու համար:
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ։
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում