Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Մասիս քաղաքի ուխտավորներին
Նմանատիպ
Հունիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Արարատյան հայրապետական թեմի Մասիս քաղաքի Ս. Գևորգ եկեղեցու համայնքի անդամներին և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի սաներին՝ առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանի:
Աշոտ քահանան Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ուխտավորներին՝ անդրադառնալով նաև համայնքի հոգևոր կյանքին, ինչպես նաև ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում իր կողմից իրականացվող հովվական ծառայությանը:
Ողջունելով ուխտավորներին` Ամենայն Հայոց Հայրապետն իր սերն ու օրհնությունը բերեց նրանց և իր գնահատանքը փոխանցեց հոգևոր հովվին արդյունավետ սպասավորության համար:
Նորին Սրբությունը հաստատեց, որ Եկեղեցին զորեղ է իր հավատացյալներով, եկեղեցական կյանքում նրանց ներգրավվածությամբ, ինչի լավագույն ապացույցն է դեպի Մայր Աթոռ հոգևոր հովվի գլխավորությամբ կազմակերպված ուխտագնացությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց համայնքային-ծխական կյանքի կարևորությանը` ուրախությամբ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության և խորհրդային տարիների հետևանքով գրեթե ամբողջությամբ կազմալուծված ծխական կյանքն այսօր վերակազմակերպվում է: Վեհափառ Հայրապետը նաև տեղեկություններ փոխանցեց ներկաներին այս ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում Գարեգին Բ Կաթողիկոսն անդրադարձավ Եկեղեցու հովանու ներքո գործող խնամատար կենտրոնների, այդ թվում նաև Երեխաների աջակցության կենտրոնի օգտաշատ գործունեությանը` գնահատելով դրանցում ապաստանած մանուկների և պատանիների նկատմամբ դրսևորվող սերն ու հոգատարությունը:
Նորին Սրբությունը հորդորեց ուխտավորներին շարունակել ապրել ավետարանական պատգամներով և տերունավանդ սիրո մեջ, զորացնել իրենց հավատքը` վստահություն հայտնելով, որ հասարակական կյանքում տեղ չեն գտնի անընդունելի երևույթներ, եթե այն շաղախված լինի քրիստոնեական արժեքներով և սիրով: Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ Աստծո օրհնության ներքո նրանց հոգում մշտապես անպակաս լինեն հոգևոր բերկրանքն ու ցնծությունը:
Հանդիպման ընթացքում ուխտավորների կողմից կատարվեցին Կոմիտասի «Կռունկ»-ը և Ս. Պատարագից «Սուրբ, Սուրբ»-ը:
Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Հետևեք մեզ նաև Telegram-ում