Ի՞նչն էր Իջևանի մի խումբ երեխաների բերել Հայաստանի Ազգային պատկերասրահ

Ի՞նչն էր Իջևանի մի խումբ երեխաների բերել Հայաստանի Ազգային պատկերասրահ

Հունիսի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահ այցելեցին մի խումբ երեխաներ Իջևան քաղաքից: Իրենց ազգային մշակույթին ծանոթանալու ու հաղորդակից լինելու մեծ ցանկությունը նրանց համար իրականություն դարձավ «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագրի շնորհիվ, որն իրականանում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի կողմից:

Այցելության ժամանակ երեխաները շրջեցին ցուցասրահներով, ծանոթացան իրենց ազգային կերպարվեստի պատմությանը, հայ և համաշխարհային հայտնի նկարիչների ստեղծագործություններին ու կենսագրության ուշագրավ դրվագներին՝ հարստացնելով մշակույթի ու արվեստի մասին ունեցած իրենց գիտելիքների պաշարը:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի համակարգող Նունե Ղազարյանը, ով ևս երեխաների հետ այցելել էր պատկերասրահ, նշեց, որ երեխաների զարգացման ու լիարժեք կայացման մեջ կարևորում է գեղագիտական կրթությունն ու դաստիարակությունը, իսկ դրա համար երեխաները պետք է հնարավորինս մոտ լինեն մշակույթին, ճանաչեն հայ և այլազգի մեծանուն արվեստագետներին ու նրանց աշխատանքները, ինչպես նաև որոշակի գիտելիքներ ունենան նրանց ստեղծագործական գործունեության մասին, ինչի հնարավորությունն էլ տալիս են նմանատիպ էքսկուրսիաները:

«Մեր նպատակն է «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագրի միջոցով, որն իրականանում է Եվրոմիության ֆինանսավորմամբ և «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի աջակցությամբ, Նոյեմբերյան, Իջևան և Մեծամոր քաղաքների խոցելի ընտանիքների երեխաներին ներառել իրենց համայնքների սոցիալ-մշակութային կյանք, և ընդգրկելով նրանց մշակութային տարբեր խմբակներում, ինչպիսիք են, օրինակ, նկարչության, երգի, կավագործության, տիկնիկագործության, կարպետագործության խմբակները, զարգացնել երեխաների ստեղծագործական ներուժը»,- ամփոփեց Նունե Ղազարյանը:

«Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագրի շրջանակներում սա երկրորդ այցելությունն է Հայաստանի ազգային պատկերասրահ: Օրեր առաջ պատկերասրահ այցելած առաջին խմբի երեխաները Նոյեմբերյան քաղաքից էին: Հաջորդ այցելությունը լինելու է արդեն Մեծամոր քաղաքից:

Սոնա Նավասարդյան
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում