Հանրության 51 տոկոսը վստահում է դատարաններին. Հետազոտություն

Հայաստանի Հանրապետությունում դատարաններին վստահում են հանրության կեսից ավելին, այդ են փաստում «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնիի» կողմից Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Դատաիրավական բարեփումների Ծրագիր 2-ի» շրջանակներում իրականացված Հանրային կարծիքի մոնիտորինգի և հարցումների արդյունքները:

Ուսումնասիրության առաջին կամ հիմնական փուլով ընդգրկվել են պատահական ընտրված 1.000 ռեսպոդենտներ՝ Հայաստանի բոլոր մարզերից:

Ընտրանքը համամասնորեն բաշխվել է քաղաքային և գյուղական բնակչության միջև՝ Հայաստանի 10 մարզերում և մայրաքաղաք Երևանում: Երևանում ընտրանքը բաշխվել է 12 համայնքների միջև: Մարզերում ուսումնասիրությունն իրականացվել է մարզկենտրոններում, այլ քաղաքներում, որտեղ գործում են Առաջին ատյանի դատարաններ, և հարակից գյուղերում: Պատահական մարշրուտային ընտրանքի մեթոդոլոգիան և «վերջին ծննդյան օրվա» գործիքն են կիրառվել հետազոտության ռեսպոդենտների ընտրության համար:

Սույն հետազոտությունը աշխատանքի 2-րդ փուլն է հանդիսացել կամ 2009 թվականի հաջողությամբ ավարտված նմանատիպ հետազոտության (փուլ 1-ին) շարունակությունը:
Հասարակական կարծիքի հետազոտությունը հիմնականում նպատակ է ունեցել պարզելու հասարակության բավարարվածության աստիճանը դատարանների և իրավապահ մյուս կառույցների աշխատանքով, ինչպես նաև դատաիրավական ծառայությունների վերաբերյալ հասարակական տեղեկացվածության և օրենսդրական ու դատաիրավական տեղեկատվության հասանելության շարունակական բարելավումը:

Արդյունքում, հարցումները ցույց տվեցին, որ հանրության կեսից ավելին բավարարված են դատավորների աշխատանքով և ընդհանուր առմամբ վստահում են դատարաններին:
Այսպես, «Դատավորն անկողմնակալ է, ազնիվ և օբյեկտիվ» տեսակետին լիովին կողմ են արտահայտվել հարցվածների 51.0%-ը, 14.9%-ը հիմնականում համաձայն է եղել, իսկ 8.4%-ը հայտնել է, որ համաձայն է, սակայն որոշ վերապահումներով: Ընդհանրապես համաձայն չեն եղել հարցվածների ընդամենը 17,8%-ը:

Դատավորի բարեկրթության և քաղաքավարության վերաբերյալ արված հարցադրմանը լիովին կողմ են եղել 58.9%-ը, 19.8%-ը հայտնել է, որ հիմնականում համամիտ է, իսկ 8.9%-ը համաձայնել է՝ որոշակի վերապահումներով: Ընդհանրապես չեն համաձայնել 6.9%-ը:

Հարցվածների մոտ 77.7%-ը համաձայն է, որ դատավորը ցուցաբերել է մասնագիտական մեծ հմտություններ, այդ թվում որոշ մասը լիովին, իսկ որոշ մասը՝ որոշակի վերապահումներով:

Դատավորը հարգանք և վստահություն է ներշնչում հարցվածների 51.0%-ի մոտ լիովին, 16.3%-ի մոտ՝ հիմնականում, իսկ 7.9%-ի մոտ՝ վերապահումներով, այսինքն կարող ենք փաստել, որ հարցման մասնակիցների գրեթե 75.2%-ը վստահում է դատարանների, թեև որոշ մասի մոտ որոշ վերապահումներով:

Դատավորների լավագույն անձնական հատկանիշները, որոնք առանձնացվել են, բարեկրթությունն ու քաղաքավարությունն են:

Հարցման համար նախատեսված կետ է եղել նաև գործերի քննության արագությունը, որի պարագայում նույնպես արձանագրվել է դրական դինամիկայի նկատելի աճ:
Մասնավորապես, հարցման մասնակիցների դատական գործերը հիմնականում քննվել են 1-2 նիստերով, բացառությանբ ընդհանուր իրավասության դատարանների, որտեղ գործերի քննությունը մի փոքր ավելի երկար է տևում:

Ի ուրախություն յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ արձանագրելով դրական տեղաշարժերը, և մտահոգություն ցուցաբերելով թեև փոքր մաս կազմող, սակայն բացսական կարծիք հայտնած ռեսպոդենտների կարծիքերի պատճառների համար՝ պետք է նպաստենք հաջորդ հարցումների դրական ցուցանիշների աճող տեմպի շարունակական բնույթին՝ անկախ նրանից, թե մեզանից յուրաքանչյուրը իրավահարաբերության ինչպիսի սուբյեկտ կհանդիսանա կամ կմասնակցի լոկ որպես ՀՀ քաղաքացի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում