«Շատ հավանական է, որ արդեն որոշված է այդ խնդիրը, ուղղակի դեռ հարց է՝ ո՞վ է փոխարինելու Տարոն Մարգարյանին»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, 168.am: «Միանշանակ ասել, թե իշխանությունն ինչ որոշման է հիմա գալիս, դժվար է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հիշեցնենք, այսօր քաղաքապետարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ սկսել են բողոքի ակցիաներ՝ պահանջելով Տարոն Մարգարյանի հրաժարականը։
Վ. Հակոբյանը նկատեց, որ մեկ ամիս առաջ էլ նման շարժում կար, բայց, կարծես թե, կոմպրոմիսի էին եկել այդ ժամանակվա իշխանության եկած քաղաքական ուժը և նախկին իշխանությունները.
«Կարծում եմ՝ մոտակա երկու օրվա ընթացքում շատ բան պարզ կլինի։ Սա նույնպես տեղավորվում է այն կոնցեպտի մեջ, թե ապագայում ինչ խնդիրներ կարող է լուծել ՀՀԿ-ն։ Ես համաձայն չեմ, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին արդեն «թաղել» է՝ հաշվի առնելով, որ Արսեն Խառատյանը չբացառեց, որ Սերժ Սարգսյանն Արցախյան հարցում կարող է որոշակի դերակատարում ունենալ, նույնիսկ բանակցող լինել այս նոր իշխանության օրոք։ Մենք հասկանում ենք, որ, եթե նման բանի գնան, ու Սերժ Սարգսյանը համաձայնի, դա ինչ-որ գին է ունենալու, ու որոշակի պայմանավորվածություններ կարող են լինել»։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով էլ՝ Տարոն Մարգարյանը, արդեն մեկ ամիս է՝ ճոճում է իր աթոռը։ Ըստ նրա՝ շատ հավանական է, որ արդեն որոշված է այդ խնդիրը, ուղղակի դեռ հարց է՝ ո՞վ է փոխարինելու նրան։ Բանախոսը գտնում է՝ երբ այդ հարցը որոշվի, Տարոն Մարգարյանն էլ մեծ հաճույքով հրաժարական կտա, քանի որ իրեն էլ պետք չեն այն բողոքի ակցիաները, որ տեղի են ունենում իր հրաժարականի պահանջով։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում