Ինչ է կորցրել և ինչ փնտրում մշակույթի նախարարությունը
Նմանատիպ
ՀՀ մշակույթի նախարարությանը նախաձեռնում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրում նոր հուշարձաններով։ Պետական գերատեսչությունը դիմել է քաղաքացիներին` ներկայացնելու առաջարկություններ այս փուլում Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության այն քաղաքաշինական և ճարտարապետական կառույցների, մոնումենտալ արվեստի նմուշների ու կոթողների վերաբերյալ, որոնք իրենց կարծիքով արժանի են ընդգրկվել ցուցակներում և վերցնել պետության պաշտպանության տակ: Այդ հուշարձաններից քչերն են ներառված հուշարձանների պետական ցուցակում։
Այդ ցուցակում արդեն իսկ ընդգրկված են 24 հազար 500- ից ավելի հուշարձան։ Սակայն ժամանակը ցույց է տվել, որ նույնիսկ այդ հուշարձանները «անձեռնմխելի» չեն։ Պետությունը չի՞ կարողանում ըստ արժանվույն պաշտպանել, թե՞ այդքան էլ մտահոգ չէ իր մշակութային ժառանգությամբ։
Այսօր մշակույթի նախարարությունն ցանկանում է ընդլայնել այդ ցուցակը՝ էլ ավելի շատ հուշարձաններ պետական պաշտպանության հովանու ներքո առնել, սակայն արդյո՞ք ցուցակում արդեն եղած հուշարձանների հետ կապված հարցերը, խնդիրները չպետք է ամբողջությամբ լուծվեն, նոր անցնեն նորերին։
Panorama.am-ը մի քանի հարցով դիմեց մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանին։
Panorama.am-Որքա՞ն է կազմում պատմամշակութային հուշարձանների պահպանության համար այս տարվա բյուջեն ու կարողանո՞ւմ եք կազմակերպել եղած հուշարձանների պահպանումը։
Տ. Գալստյան-Նախարարությունն իր ենթակայության տակ ունի պահպանության ՊՈԱԿ, որն իրականացնում է պահպանության ծառայություն՝ իր ֆինանսական միջոցների հաշվին: Մոտ 343 միլիոն դրամ է:
Panorama.am -Պարոն Գալստյան, հարցի մեխը, թերևս, կարողանո՞ւմ է կազմակերպել: Այն, թե ի պաշտոնե ՊՈԱԿ-Ը ինչ պիտի անի, կամ ասենք Մշակույթի նախարարությունը տարիներ ի վեր ինչ պիտի աներ ու ամենևին չի արել՝ տեսել ենք, լսել ենք: Հիմա կանոնադրության ու գործի ու միջոցների համապատասխանության մասին ենք հարցնում:
Տ. Գալստյան -Հուշարձանների պահպանությունը գործառույթ է, որը իրականացվում է համապատասխան աշխատակիցների կողմից: Պետական սեփականություն համարվող հուշարձանները պահպանվում են նախորդ պատասխանում նշված նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներով, իսկ որպես պահպանության միջոցառում ՀՀ պետական բյուջեից տարեկան նախատեսված է 250 միլիոն ՀՀ դրամ ամրակայման, նորոգման և վերականգման համար:
Panorama.am– Հաշվարկե՞լ եք, թե ինչքան գումար է անհրաժեշտ ցուցակում եղածը պահպանելու համար։
Տ. Գալստյան -Այն հուշարձանները, որոնք ունեն օգտգործողներ և սեփականատերեր, համաձայն օրենքի, իրենք են պարտավոր ապահովվել հուշարձանի անխաթարությունը, որում պետությունը ֆինանսական պարտավորություն չունի:
Panorama.am -Թե ինչպես են սեփականատերերը պահպանում՝ Փակ շուկան վկա: Ու Մշակույթի նախարարությունը երկար տարիներ թևերը ծալած նստեց, հենց այդպես պատասխանելով՝ պարտավոր են պահպանել: Հասկացանք՝ պարտավոր են, բայց անու՞մ են:
Տ. Գալստյան -Սիրելի լրագրող, դուք ինձ փորձում եք մեղադրել մի բանի մեջ, որ ինձանից առաջ է եղել։ Հիշեցնեմ ձեզ, որ 15 օր առաջ եմ նշանակվել այս պաշտոնում, իսկ Փակ Շուկայի աղվաղման ժամանակ մասնակցում էի Փակ Շուկայի աղվաղմանը դեմ քաղաքացիական ցույցերին:
(Panorama.am.- Այստեղ թերևս շեշտենք, որ նախ՝ մենք չենք մեղադրում, երկրորդ՝ Մշակույթի նախարարությունը, ինչպես և բոլոր նախարարությունները, իրավահաջորդներ են՝ և պարտավորությունների, և իրավունքների հետ կապված:
Թերևս մի բան հասկանալի եղավ՝ հարցը անպատասխան է):
Panorama.am -Եվ դրանցից դուրս՝ հաշվարկե՞լ եք ցուցակում եղած, բայց սեփականատեր չունեցածները պահպանելու, վերականգնելու, վերանորոգելու համար անհրաժեշտ գումարը:
Տ. Գալստյան -Ամբողջությամբ պետական սեփականություն համարվող բոլոր հուշարձանների վերականգնողական աշխատանքների գումարները ամբողջությամբ հաշվարկելու համար պետք է իրականացվեն բազմատեսակ ուսումնասիրություններ, այդ թվում պեղում, որից հետո կազմվեն գիտանախագծային և նախահաշվային փաստաթղթեր, որից հետո հնարավոր կլինի ունենալ կոնկրետ գումար, որն իրենից նույնպես մեծ ծախսեր է պահանջում և անհեթեթ եմ համարում ծախսել նման մեծ գումարներ զուտ կոնկրետ թիվ ունենալու համար:
(Panorama.am.- Սակայն խոսքը թվի մասին չէր, այլ՝ հուշարձանների: Կոնկրետ հուշարձաների, որոնք պահպանումը հենց մշակույթի նախարարության գործառույթն է):
Panorama.am– Ընդհանուր քանի՞ հուշարձան կա պետական ցուցակում, որքա՞նը վերականգնման կարիք ունեն։
Տ. Գալստյան– Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում գրանցված են 24 հազար 500- ից ավելի հուշարձաններ, որոնցից ընդամենը մոտ 18 հազար 500 պետական սեփականություն է: Գրեթե բոլորը և մշտապես խնամքի, և մասնակի վերականգնման կարիք ունեն:
Panorama.am-Շատ լավ, այդ «գրեթե բոլորը» որքան ֆինանսական գումար են պահանջում:
Տ. Գալստյան -Արդեն պատասխանել եմ, մոտ 343 միլիոն ՀՀ դրամ:
(Panorama.am.- Այստեղ էլ նշենք, որ այդ թիվը հնչել է ոչ թե որպես անհրաժեշտ գումարը, այլ՝ եղածը):
Panorama.am -Քայլեր անելո՞ւ եք փչացրածները վերականգնելու համար։
Տ. Գալստյան– Տարեկան բյուջի միջոցներով նախատեսվում և իրականացվում են աշխատանքներ, ինչպես պետություն-մասնավոր կամ մասնավոր-բարեգործական միջոցներով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։
Panorama.am -Իսկ նրանք, որոնք սեփականատերեր ունեն ու փչացրած են:
Տ. Գալստյան -Ըստ անհրաժեշտության և առաջնահերթության, նախարարությունը գործընթացներ է իրականացնում խախտումները շտկելու ուղղությամբ՝ հաշվի առնելով սեփականատիրոջ հնարավորությունները և իրավունքները:
Panorama.am -Չե՞ք գտնում, որ ոչինչ չարած անել նման հայտարարություն՝ ընդամենը ժողովրդահաճություն է։
Տ. Գալստյան -Չեք գտնում՝ Հայաստանի մշակույթի նախարարության պարտավորությունն է ապահովվել հուշարձանների պահպանությունը և անխաթարությունը: Նախարարությունը իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները:
Panorama.am -Այդ դեպքում՝ առանց վերականգնելու նախկինում փչացածները, առանց ստույգ հաշվարկ ունենալու, թե որքան գումար և որքան ժամանակ է անհրաժեշտ և ցուցակում նշված մինիմում եղածը վերանորոգելուն, վերականգնելուն, ի՞նչ «ագահություն է» նոր հուշարձաններ մտցնել ցուցակ, ընդ որում՝ դրա համար դիմել հասարակությանը, ոչ թե մասնագետների:
Տ. Գալստյան -Ձեր հարցերի տրամաբանությամբ ստացվում է՝ եթե դեռ չենք վերականգնել բոլոր հուշարձանները, ապա ճարտարապետական, պատմական և մշակութային արժեք ունեցող բացառիկ կառույցները պիտի անտեսվեն ՀՀ մշակույթի նախարարության կողմից, ինչը հակասում է ՀՀ օրենքին: Շնորհակալ եմ Ձեզ, որ քանի դեռ բոլոր հուշարձանների վերականգնման համար Հայաստանի Հանրապետությունը գումար չունի, չեք պահանջում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներից հուշարձաններ հանել:
Panorama.am– Չէ, չենք պահանջում, մեր պահանջները հստակ են՝ արեք պարտադիրը, հետո անցեք ցուցադրականին: Ու հարցերն էլ թերևս շատ հստակ էին, ու անընդհատ կրկնվում էին հասկանալու՝ ինչով է պայմանավորված կոչը քաղաքացիներին, եթե մշակույթի նախարարությունը դեռ իր նախորդների ու ներկա պարտքը չի փակել այդ նույն քաղաքացիներին:
Լուսանկարում Մինասի որմնանկարը՝ «Արմենիա»
Աղբյուր՝ Panorama.am: