Ադրբեջանի կատարած «լավությունն» արհամարհվե՞լ է Թուրքիայի կողմից

Թուրքիայի Ռեյխանլի քաղաքում օրերս տեղի ունեցած ահաբեկչական ակտի կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայատարարություն է ընդունել մամուլի համար:

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ հայտարարությունն ընդունվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Vesti.az»-ը, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Անվտագության խորհուրդի անդամները վճռականորեն դատապարտում են ահաբեկչական ակտը, դրա հետևանքով տուժածների ընտանիքներին, թուրքական իշխանություններին և ազգին հայտնում են իրենց խորին ցավակցությունը: Միաժամանակ նշվում է ահաբեկչության կազմակերպիչներին, ֆինանսավորողներին և աջակիցներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներն ամեն կերպ շեշտում են այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմն է ջանքեր գործադրել, որպեսզի ընդունվի հայտարարությունը: Մինչդեռ թուրքական մամուլում Ադրբեջանի կատարած «լավության» մասին ոչ մի ակնարկ էլ չի արվում: Թուրքական «Zaman»-նն, անդրադառնալով Անվտանգության խորհրդի որոշմանը, միայն նշում է դրա բովանդակությունը, ապա անդրադառնում իրենց համար ցավոտ ռուս-սիրիական հարաբերություններին:

Մեկ անգամ ևս փաստվում է մասնագետների կողմից ընդունված այն տեսակետը, որ թուրքերն ադրբեջանցիներին օգտագործում են միայն արտաքին աշխարհում դաշնակիցների քանակն ավելացնելու համար, իսկ Թուրքիայի ներսում ադրբեջանցիները և Ադրբեջանը հաճախ արհամարհական վերաբերմունքի են արժանանում:

Աննա Բարսեղյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում