Մտորումներ

Մտորումներ

Քարը միրգ չէ:
Բազալտե սրբատաշ եզրաքարերը գլորեցինք հանքից ներքև:
Համո քարտաշը առավոտյան ձայնեց մորս:
Հասկացա:
Ավագ եղբայրս բռնեց թևիցս և այնպես ուժգին
զարկեց հատակին (իհարկե, ինձ), որ կրունկներս
Մղկտացին և ուշքս գնաց:
Մայրս ծղրտաց: Համո քարտաշը գոռաց ներքևից՝
Լավ, այ ախպեր, քար է, էլի կտաշեմ:
Երբ նրա տղուն բռնեցին ոսկու գողության
և նրա եղբորորդիներին գնդակահարեցին
Բանկի հանրահայտ գողության համար,
Ամաչում էի եզրաքարերի պատմության հուշից
և կրունկներիս մղկտոցը քիչ էր թվում ինձ:
Զարմանալի է՝ այդ հզոր քարտաշ Համոն ինչպես է
Մնում հողի տակ:
Նրա մանկական, չոփուր դեմքը եկել էր հնուց,
Գոնե բերդի մեջ թաղեին նրան,
Բերդապարսպի քար պիտի դառնար:
Տղան ազատվեց, 10 տարի հետո: Հայրը չկար:
Թաղմանն էլ չկար:
Նրանց տունը հին է և փոքր:

Կիրակի
Մերոնք չէին սիրում լինել հարևան
քիթը վեր ցցած մեկի,
Անգամ կասկածանքով էին նայում
Միակ տերտերին, էլ ո՞ւր մնաց միլիցուն,

Որի ասպոդի տակ էր փեշը տերտերի:
Գժերին ավելի էին սիրում, քան վաճառողին,
Գիտնականին էլ մեկ-մեկ հարիֆ էին ասում,
Սակայն բացահայտ ընտրում էին ուսումը
Իրենց զավակների համար:

Կիրակին խառնում էր բոլորի թղթերը:
Նրանք մի ղազանից ուտում էին խաշլամա
Ու մի բաժակով խմում էին հերթով
Կենացը պարզունակ, անգիր արած:

Ու գնամ էր Մայր առուն, ինչպես մի երգ,
Որ բառեր չունի, սիրելի է ամենից շատ:

Գերեզմանոցը
Գերեզմանոցը շինականի քայլքով բարձրանում է
Սարի թաղն ի վեր:
Այնտեղ մանկության անտառն է տապալված,
Նրա թիկունքն է խցվել կտուցը
Տատրակի, թևը տղայի հայացք-թիթեռի,
Հուշերի փշրված բյուրեղապակին:

Մի լիճ կար աղի. ընդերքից սնվող,
Նրա տիղմի մեջ գաջե խրվելէր ոտքը
Եվ տղան չէր գոչում՝ օգնություն, բերանը՝ ջրի մեջ:
Հանկարծ մի ձեռք և կա որդին, որ հայր է այսօր:
Հողը փակում է բերաններն իմաստուն խոնավությամբ:
Նրա արմատը սիրտ է փնտրում վաղուց փոշիացած:
Առաջ ուսերի վրայով մարդկանց էին տանում դեպ հանգրվան:
Հիմա գերեզմանոցն է բախում դուռը ապրողների:
Էլ վախ չկա ուր ուրվականներից
Հողակտորն ու մա հր” սեվւականւսշ նորված.
Մեկը՝ դրամով, մյուսը՝ ձրի:
Կեսարինը՝ կեսարին, Աստծունը՝ Աստծուն:

Հոր տուն
Ճաքած գերանն ու նուրբ սարդոստանը,
Ասացի՞ն, որ դու թակարդը կընկնես,
Այնքան խաղաղ ես դու քո հոր տանը,
Հողի վերածվող խաշամ ես կարծես:

Աչքը չգիտի, էլ ե՞րբ կարտասվի,
մարմինը աղ է կուտակում դանդաղ,
Քո մոր մրմունջը, որը չի ասվի,
Ասեղի ծայրով լուռ բռնում էր վախ:

Ձեր տնից վերև մարդ էին խփել,
Արնոտ դանակը ընկած էր հողին,
Դա քո մանկության ճակատին,
Աբել, նշան էր ահեղ, չի ջնջվում ցողից:

Գերեզմաններն են արածում խոտը,
Ուր ճանաչեցիր վազք, խաղ ու խրխինջ,
Այստեղ դու տեսար մողես ու գորտեր,
Եվ քարի տակ՝ օձ: Եվ գժի քրքիջ:

Ու ծաղկած ծառեր: Երազանքի հորթն
Հոտոտում էր սինձ և ապագայից
Արշավում է ձին դեպի քո սիրտը՝
Թրծած էպոսի անեծք-աղոթքից:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում