«Բարեւ Երեւան»-ի մանդատներն ու ԲՀԿ-ի ինքնաբացարկները

Բարեւ Երեւան» դաշինքը երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած քննարկման ժամանակ որոշել է վերցնել Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններում իրեն բաժին հասած վեց մանդատները: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող’ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրել է, որ դաշինքի համամասնական ցուցակում երրորդ տեղը զբաղեցնող «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսիսյանը իր կամքով հրաժարվել է մանդատից, եւ նրան կփոխարինի ցուցակում յոթերորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Սանասարյանը:

Մեկ այլ աղբյուրի’ Armradio.am-ի փոխանցմամբ, Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ ընտրությունների նման արդյունքում տեսնում է ընդդիմության մեղքը, քանի որ ընդդիմությունը իշխանությանը թողած  մեկ այլ ընդդիմադիր ուժի դեմ է պայքարել:

Մարտիրոսյանը կարծում է, որ «Բարև Երևան» դաշինքը պետք է ներկայացնի ոչ միայն իրեն ձայն տված քաղաքացիների շահերը, այլև ողջ ընդդիմադիր դաշտը, նրանց օգտին քվեարկողներին և նույնիսկ այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառք վերցնելով են գնացել ընտրության:

Ինչ վերաբերվում է ինքնաբացարկներին, ապա ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, ԿԸՀ այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԲՀԿ-ի ընտրական ցուցակի 113 թեկնածու:

Հանձնաժողովն այս պահին ուսումնասիրում է ներկայացված դիմումների համապատասխանությունը ընտրական օրենսդրության պահանջներին:
Ըստ Հ.Հարությունյանի, ինքնաբացարկի մասին 21 դիմումներ էլ ստացվել են ՀՀԿ-ից:

Նշենք, որ ԲՀԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված է 194, իսկ ՀՀԿ-ի ցուցակում՝ 195 թեկնածու: Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության արդյունքների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 12-ին միաձայն ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ընտրվել է ավագանու 42, «Բարգավաճ Հայաստան»-ից՝ 17 անդամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում