Արձագանք Հրանուշ Հակոբյանի համախմբման կոչին
Նմանատիպ
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ համայն հայությունը պետք է քվեարկի Գոռ Սուջյանի օգտին, արձագանք էր ստացել մամուլում: Այսօր հայտարարությանը պատասխանել են հենց «մեղավորները» :
Dorians խմբի մամուլի ծառայությունը, արձագանքելով ՀՀ սփյուռքի նախարարի կոչին և մամուլի հրապարակումներին, հիշեցնում է, որ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնում է ոչ թե Գոռ Սուջյանը, այլ Dorians խումբը:
Ի դեպ, եթե Հրանուշ Հակոբյանը համախմբան կոչ է անում համայն սփյուռքին, ապա ինչո ՞ւ է անջատում Գոռ Սուջյանին Dorians-ից:
Ամեն անգամ, երբ գործը հասնում է ոչ այդքան կարևոր հարցերին, բարձրաստիճան անձանց կողմից լսվում են կոչեր՝ ազգը համախմբելու վերաբերյալ: Կան ավելի լուրջ հարցեր, որոնք անտեսվում են հենց այն անձանց կողմից, ովքեր հանդես են գալիս գեղեցիկ և վերամբարձ հայտարարություններով:
Չգիտեմ մեղադրեմ ժամանակներին, թե մեզ, որ այդքան մակերեսային ենք դարձել: Բայց այս հարցում համախմբան կոչ կարող էր իրեն թույլ տալ, ասենք, Հ1-ի հաղորդավարները’ տղաների օգտին քվեարկելու համար, բայց ոչ թե դա պետք է աներ սփյուռքի նախարարը: Չնայած այդ նախարարության հետ կան բավականին ծիծաղելի պատմություններ՝ մի քանի տարի առաջ էլ աշխարահռչակ ֆիզիկոս երիտասարդ էր հայտնվել մեր Հրանուշ Հակոբյանի տեսադաշտում և մեծ աղմուկ բարձրացրել:
Կարծում եմ` Dorians-ը բավականին լավ պատրաստված է ու սիրված, եւ առանց որևէ մեկի օգնության կարող է մեզ՝ հայերիս, հաղթանակ բերել: Հաջողություն եմ մաղթում տղաներին և սպասում նրանց հաղթանակին:
Արուսյակ Սիմոնյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում