Հուշարձանը վերածվում է խանութի
Նմանատիպ
Լավագույն հուշարձաններից մեկը, որ Երևանի դեմքն է, ոչնչանցնում են: Անցնելով Երևանի փողոցներով’ հաճախ զարմանում եմ, թե այսքան խանութներ իրար կողքի բացված, ու՞մ համար են: Խանութները մեկը մյուսի հետևից բացվում են ազգս պճնելու և որովայնը լցնելու համար: Տպավորություն է, որ արդեն ամենակարևոր խնդիրը դարձել է հագնվելը և ուտելը: Հիմա էլ հերթական խանութ է դառնում Հայաստանի հուշարձան –շենքերից մեկը՝ Փակ շուկան: Շուկա, որտեղ թե՛ հայաստանցիները, թե՛ արտասահմանյան հյուրերը գնում էին ոչ միայն առևտուր անելու, այլ նաև ճարտարապետական յուրահատկությունները տեսնելու համար: Փակ շուկան բնական հրաշքների, առատ հողի, բարիքների ցուցահանդես էր՝ Հայոց հողի Էրմիտաժը:
Արդեն 2 տարի է’ հուշարձան- շենքի ճակատագիրն անորոշ վիճակում է: Ո՞վ է մեղավոր: Մեղավորներին գտնելը այդքան էլ հեշտ չէ, մշակույթի նախարարությունը դիմում է քաղաքապետարանին, քաղաքապետարանը՝ մշակույթի նախարարությանը, ճարտարապետները, բնակիչները ահազանգում են, մարդու իրավունքների պաշտպանը արձագանքում, իսկ շենքը շարունակվում է ապօրինաբար ավերվել: Տպավորություն է, որ բոլորս նպաստում ենք հուշարձանի ոչնչացմանը:
Դեռ մեկ ամիս առաջ էր, երբ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը սպասում է մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի եզրակացությանը Փակ շուկայում ընթացող շինարարության վերաբերյալ:
«Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը, որպես լիազորված մարմին, պետք է եզրակացության տա շուկայում հետագա աշխատանքները շարունակելու վերաբերալ: Քաղաքապետարանը սպասում է այդ եզրակացությանը: Ինչպիսին կլինի լիազորված մարմնի եզրակացությունն ու առաջարկը, ըստ այդմ էլ կքննարկվի հետագա նախագծերը»,- ասել է Կամո Արեյանը:
Իսկ այսօր էլ Մշակույթի նախարարությունը տարածել է հաղորդագրություն՝ վերսկսված շինարարական աշխատանքների կապակցությամբ /որոնք չեն համապատասխանում մշակույթի նախարարության կողմից տրված նախագծային փաստաթղթերի պահանջներին եւ որոնցով նախատեսվում էր նորակառույցի երկաթբետոնյա հատվածի մասնակի քանդման աշխատանքներ/: ՀՀ մշակույթի նախարարությունը կրկին 2013 թ. մայիսի 13-ի 01/14-1/1534-13 գրությամբ դիմել է Երեւանի քաղաքապետարան’ պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ’ հուշարձան-շենքում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու, դադարեցնելու եւ տարածքում հսկողություն սահմանելու համար:
Հիմա ի՞նչ: Ի սկզբանե Փակ շուկայում իրականացվող աշխատանքների համար քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն հիմքերի ամրացման, ստորգետնյա հատվածի կառուցման համար, որի վերաբերյալ ի սկզբանե եղել է մշակույթի նախարարության դրական եզրակացությունը:
Սակայն սեփականատերը, կառուցապատողը, ըստ Կ. Արեյանի, դուրս է եկել այդ աշխատանքների շրջանականերից, որի համար երկու անգամ քաղաքապետի որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի:
Թե՛ քաղաքպետարանը, թե՛ մշակույթի նախարարությունը, թե՛ մարդու իրավունքների պաշտպանը, թե՛ հասարակ քաղաքացիները, բոլորն էլ նշում են, որ շինարարությունը ապօրինի է, սակայն արդյունքը’ ձայն բարբառո անապատի:
Արուսյակ Սիմոնյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում