ՀՀՇ-ն վերագրանցվում է. այն կմնա ընդդիմություն

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը և նախկին պատգամավոր Կարապետ Ռուբինյանն ու Հովհաննես Իգիթյանը
լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Հայոց Համազգային Շարժում կուսակցության վերագրանցման մտադրության մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նրանք հայտարարություն էին տարածել ՀՀՇ նոր կուսակցություն ձեւավորելու մասին:

Panorama.am-ի փոխանցմամբ’ Ալ.Արզումանյանը նշել է, որ այս պահին մոտ երկու հարյուր հոգի կա նախաձեռնող խմբում, իսկ իրենք հանդես ենք գալիս որպես ներկայացուցիչ:

Նա նաև նշել է, որ լինելու է ազատ ֆինանսավորում, իսկ միջոցները պետք է հավասարապես բաշխվեն կուսակցության բոլոր անդամների միջև:

Կարապետ Ռուբինյանն էլ ներկայացրել է հետագա քայլերը: Նրա խոսքով՝ այսօրվա օրակարգում մինչև աշուն համագումարի անցկացումն է, իրավաբանական կարգավիճակի թարմացումը, ինչպես նաև հասարակության հետ կապերի վերականգնումը:

Արարատ Զուրաբյանը նշել է, որ կուսակցությունը կշարունակի լինել ընդդիմադիր դաշտում և պայքարել «սահմանադրական կարգի վերականգնման համար»:

Մեկ այլ լրատվականի’ Aravot.am-ի փոխանցմամբ, այն հարցին, թե ովքե՞ր են լինելու կուսակցության մեջ, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը լինելու է՝ Արարատ Զուրաբյանը պատասխանել է, որ շատ խորը հարգանք է տածում Նիկոլ Փաշինյանին եւ այլոց նկատմամբ, բայց այդ թեմայի շուրջ իրենք դեռ պետք է զրուցեն:

Նա խոսելով իր հարաբերությունների մասին «Ազատ դեմոկրատների» հետ՝ նշել է, որ 2010-ից հետո ՀՀՇ-ի հետ որոշակի տարաձայնություններ են եղել կապված վարչության ձեւավորման հետ եւ մի քանի անդամներ որոշել են դուրս գալ, քանի որ կար պահանջարկ ազատական թիմ ձեւավորելու:

Նա հայտնել է, որ մայիսի 2-ին դիմում է ներկայացրել՝ «Ազատ դեմոկրատներից» դուրս գալու մասին:

Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Խաչատուր Քոքոբելյանն էլ միանա իրենց՝ Արարատ Զուրաբյանը պատասխանել է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է միանալ, եթե կիսում է կուսակցության գաղափարախոսությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում