Մեղավոր է բնությունը

Օրեր առաջ ՀՀ տարածքում տեղի ունեցած կարկտահարության հետևանքով մեծ աղմուկ բարձրացավ: Գյուղացիները բողոքի ակցիա էին կազմակերպել ու փակել մարզ տանող ճանապարհները , այդ կերպ փորձելով կառավարության ուշադրությունը սևեռել իրենց խնդրի վրա:

Այս առիթով Գյուղատնտեսության նախարարությունում խորհրդակցություն հրավիրվեց, որի ընթացքում  գյուղացիներին պատճառված վնասի իրական չափերի ճշգրտման գործընթացը տեղերում կազմակերպելու ու մասնագիտական խորհրդատվության համար ստեղծվեց աշխատանքային շտաբ:

Այսօր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում մամուլի ասուլիս այս թեմայի շուրջ։ Բանախոսներն էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը և «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը:

Hartak.am-ի փոխանցմամբ` խոսելով վերջին օրերին գրանցված կարկտահարության դեպքերի և հակակարկտային ծառայության մասին’ Ն. Գրիգորյանը ասաել է, որ մայիսի 12-ի կարկտահարությունից հետո ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում վերլուծվել են արդյունքներն ու կոնկրետ հանձնարարականներ տրվել:

«Այսօր տարածաշրջանում և նախկին ԽՍՀՄ երկրների շարքում միայն Հայաստանում կա հակակարկտային ծառայություն»,- նշել է նա և հավելել, որ մենք ունենք 2 ռադիոլոկացիոն կայան’ Լոռու և Արագածոտնի մարզերում, և 154 հակակարկտային կայան: ՀՀ տարածքը կարկտահարությունից ավելի արդյունավետ պաշտպանելու համար մեզ ավելի շատ նման կայաններ են հարկավոր:

Ներկայացնելով հակակարկտային կայանների աշխատանքը մայիսի 12-ի կարկտահարության ժամանակ’ Ռ. Հովսեփյանը պարզաբանել է, որ չորս մարզերում գործող հակակարկտային կայանները պաշտպանում են 50 հազար հեկտար տարածքից 13 հազարը:

Մեկ կայանը պաշտպանում է միայն 500 քմ մակերեսով տարածք: Դրանք ավտոմատացված են և դեպի կարկտաբեր ամպը մոտ 50 հազար կրակոց է արձակվել’ իրենց վերահսկողության տակ գտնվող բոլոր կայաններից միասին վերցված: Սակայն, քանի որ այդպիսի կայանների քանակն այսօր քիչ է, իսկ կարկտահարությունը շատ ուժեղ էր, հնարավոր չի եղել խուսափել աղետալի հետևանքներից:

Նա նաև նշեց, որ այժմ աշխատանքներ են տարվում հանրապետության տարածքում գտնվող բոլոր հակակարկտային կայանները, որոնք տեղադրվել են անհատ ձեռներեցների և գյուղապետերի կողմից, վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի դրանց աշխատանքն ավելի արդյունավետ լինի: Նման կայանների գործարկման և սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա պետությունը:

Նախատեսվում է ապագայում ևս 1200 հակակարկտային և նոր ռադիոլոկացիոն կայաններ տեղադրել Հայաստանի տարածքում: Ներկայումս ԱԻ նախարարությունում աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Նախորդ տարի հանրապետություն նման հզոր կարկտահարություններ չեն եղել և գործող կայանները շատ արդյունավետ են աշխատել:

Ինչ վերաբերում է առաջիկա կանխատեսումներին, ապա Panorama.am-ը հանտնում է, որ ըստ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի’ մինչև մայիսի 20-ը ներառյալ, հանրապետությունը շարունակվելու է գտնվել ցիկլոնի ազդեցության գոտում:

Գ.Սուրենյանը նշել է, որ միայն առանձին օրերին կդիտվի ցիկլոնի ակտիվացում և ցիկլոնի պասիվացում: Հատկապես ցիկլոնի պասիվացում կլինի մայիսի 15-ին և 18-ին, իսկ մայիսի 16-ին, 17-ին, 19-ին և 20-ին կդիտվի ցիկլոնի ակտիվացում, որի հետևանքով հանրապեության ողջ տարածքում կդիտվի անձրև և ամպրոպ:

Նրա խոսքերով’ օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում, իսկ ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի 23-24 աստիճանի սահմաններում:

Գ.Սուրենյանը հայտնեց, որ առաջիկա հինգ օրերին Արարատյան դաշտում գիշերը ջերմաստիճանը կլինի 12-14, իսկ ցերեկը’ 22-24 աստիճան: Հորդառատ տեղումներ կարձանագրվեն Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, իսկ մնացած շրջաններում տեղումները կլինեն ավելի կարճատև:

Անդրադառնալով երկու օր առաջ տեղի ունեցած կարկտահարության դեպքին, Գ.Սուրենյանը նշել է, որ նման հզոր կարկտաբեր ամպեր հանրապետությունում հազվադեպ են նկատվում:

Գ.Սուրենյանի խոսքով’ իրենք բոլոր մարզպետարաններին նախազգուշացրել են, որ տվյալ գոտիներում կարկուտ է կանխատեսվում: Լրագրողի այն դիտարկմանը, թե մարզպետարաններից հակառակն են պնդել, թե իրենք տեղյակ չեն եղել, նա հերքեց’ ասելով, որ մարզպետարններն ամեն օր տեղեկատվություն են ստանում, բոլոր կազմակերպությունները նույնպես նախազգուշացվել են:

Նշենք, որ օրեր առաջ խոսելով այս հարցի շուրջ, գյուղնախարարության մամուլի ծառայությունից Times.am-ին հայտնել էին, որ գերատեսչությունը տեղյակ չէր սպասվող կարկուտի մասին: Նման տեղեկատվություն իրենք ստանում են ԱԻՆ կողմից:

Ինչ վերաբերվում է ԱԻՆ փրկարար ծառայությանը, ապա պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը հայտնել էր, որ տուժած մարզերից մեկում’ Արմավիրում գտնվող կայանները իրենց տեղադրածը չեն և իրենք էլ են փորձում հասկանալ, թե ինչու այդ կայանները չեն գործել:

Ի հակադրություն սրա’ ԱԻՆ պաշտոնական էջի հաղորդմամբ, Արմավիրում կայաններ է տեղադրել նաև նախարարությունը: 2012-ի հուլիսի 7-ի հրապարակման մեջ մասնավորապես նշվում է. «Օրերս Հայաստանի երեք մարզերում տեղադրվել է 26 նոր հակակարկտային կայան: Դրանցից 13-ը տեղադրվել է Արագածոտնի, 10-ը’ Արմավիրի և 3-ը’ Լոռու մարզում: Կայանները կառուցել է «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ընկերությունը’ պետբյուջեից ՀՀ կառավարության հատկացրած ֆինանսավորմամբ:… Նոր կայաններից յուրաքանչյուրը պաշտպանության տակ է առնում առնվազն 1000 մետր շառավղով»:

Նման պատասխաններից հետո կարելի է միայն հուսալ, որ վնասի չափը կպարզվի, և խոստացված փոխհատությունը կլինի:

Աստղիկ Սահակյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում