Սյունիքի մարզպե՞տն էլ հրաժեշտ կտա պաշտոնին

«Ժամանակի» տեղեկություններով՝ նոր կառավարության կազմավորումից հետո փոփոխություններ են սպասվում նաեւ գերատեսչությունների միջին օղակներում: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Կփոխվեն որոշ մարզպետներ: Արդեն շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հավանաբար իրենց պաշտոններին հրաժեշտ կտան Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ):

Մեր տեղեկություններով Տավուշի մարզպետ կարող է նշանակվել պաշտոնաթող գեներալ Արշալույս Փայտյանը: Սակայն հիշեցնենք, որ Արշալույս Փայտյանի անունը կապվում է ՊՆ-ում գոմեշի մսի աղմկոտ պատմության հետ:

Կարծիք կա նաեւ, որ իր պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Սյունիքի «լեգենդար» մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նշենք, որ օրերս նախագահ Սերժ Սարգսյանը նրան պարգեւատրել է շքանշանով, որպեսզի պաշտոնանկությունը շատ ցավոտ չլինի:

Իշխանական վերնախավում վերոնշյալ մարզպետներից դժգոհություն կա՝ հատկապես կապված նախագահական ընտրություններում այդ մարզերում ու հատկապես մարզկենտրոններում Սերժ Սարգսյանի ստացած վատ արդյունքների հետ»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում