«Ժառանգության» քաղխորհրդի նիստը թեժ է անցել

«Հրապարակը» գրում է, թե nախորդ օրը «Ժառանգության» քաղխորհրդի նիստը տեւել է 3 ժամ եւ անցել է բավական լարված մթնոլորտում’ 2-ն ընդդեմ 22-ի ֆորմատով: Նիստին մասնակցած Րաֆֆի Հովհաննիսյանը նախ լսել է «կողմերին», ապա ընդվզող կողմին առաջարկել է վերջնագրերով չխոսել. ինքը եւս կողմ է եղել մանդատները վերցնելուն:

Օրակարգի միակ հարցը, բնականաբար, առնչվել է Երեւանի ավագանու մանդատների ճակատագրին: Դրանք վերցնելուն դեմ են արտահայտվել «Բարեւ, Երեւանի» համամասնական ցուցակից Ալեն Սիմոնյանը եւ Սուսաննա Մուրադյանը: Ա. Սիմոնյանն իր տեսակետը հիմնավորել է հերթական չընտրված մարմինը չլեգիտիմացնելու պատճառաբանությամբ, Ս. Մուրադյանը նշել է, որ համաձայն կլինի մանդատները վերցնելուն այն դեպքում, եթե հերթականությունը «Ժառանգության» շահերից բխի:

Հիշեցնենք’ «Բարեւ, Երեւանի» ցուցակից ավագանու մանդատ են ստանալու 6 պատգամավորներ: Ս. Մուրադյանի ակնարկը, ըստ մեր աղբյուրների, առնչվել է ԺՈւԿ ներկայացուցիչ Արթուր Գասպարյանին, որը նույնպես ցուցակով ավագանու անդամ կդառնա: «Միջնորդությունը» չի ընդունվել: Եթե ընդունվեր, նրա փոխարեն մանդատ կստանար երգիչ Արթուր Իսպիրյանը, որի կատարմամբ էր հնչում «Բարեւ, Երեւանի» հիմնը:

Ինչ վերաբերում է մանդատ վերցնելու ջատագովներին, ապա նրանք գտել են, որ պետք է վերցնել ու «ճակատամարտել», թույլ չտալով ապօրինի որոշումներ, հողհատկացումներ եւ այլ անօրինականություններ քաղաքապետարանում:

Ի դեպ, ինքնաբացարկի դիմում ներկայացրած «Ա1+»-ի ղեկավար Մելս Մովսեսյանը չի մասնակցել քաղխորհրդի նիստին, սակայն, որպես բարի կամքի դրսեւորում, տեղյակ է պահել, որ ուղիղ եթերով կհեռարձակի ավագանու նիստերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում