Ինչո՞ւ է Քրիստոսին խոցած առարկան սրբացվել ու դարձել մասունք

Ինչո՞ւ է Քրիստոսին խոցած առարկան սրբացվել ու դարձել մասունք

 «Երկար ուսումնասիրել եմ այդ հարցը: Գեղարդի սրբացման առանցքը հետեւյալն է՝ դրա վրա թափվել է Քրիստոսի արյունը՝ աստվածամարդու արյունը…,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հասարակական շրջանակներում քննարկվող հարցին, թե ինչու առարկան, որով հռոմեացի զինվորը խոցել է Քրիստոսի կողը, դարձել սրբություն եւ մասունք, ասաց կրոնագետ Վարդան Խաչատրյանը:

Նա նշեց, որ նույն սկզբունքով սրբացվել է նաեւ խաչը, որի վրա խաչվել է Քրիստոս. «Խաչափայտի կտորներն այսօր համաքրիստոնեական սրբություններ են»:

«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողներ հետ հանդիպմանը նույն հարցադրմանն անդրադարձավ նաեւ Մայր Աթոռի արխիվի եւ թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: «Ինձ համար տարօրինակ է նման շեշտադրում անողների ընկալումը»,-ասաց Տեր հայրը:

Ապա նա էլ շեշտեց, որ գեղարդի վրա հեղվել է աստվածամարդու արյունը. «Խաչափայտը, փշէ պսակը եւ նիզակը, որը մխճվել էր նրա կողը, չէին կարող լինել պարզապես մի ինչ-որ առարկա եւ չէին կարող չսրբագործվել»: Տեր Ասողիկը հայտնեց, որ նշյալ պատճառով այդ առարկաները սրբազան մասունքներ են դարձել եւ տարբեր ժամանակներում սփռվել քրիստոնեական աշխարհում: Հիշեցնենք՝ վերջին օրերին աղմուկ էր բարձրացել, թե սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում