Ուրեմն գլուխդ պատին ես տվել. ԲՀԿ ավագանու ցուցակի անդամ Գուրգեն Արսենյան

Երևանի ավագանու ընտրություններից առաջ մի շարք ԲՀԿ-ականներ հայտարարում էին, որ եթե ընտրությունները կեղծվեն, ԲՀԿ-ն չի վերցնի մանդատները: Մինչդեռ արդեն հայտնի է, որ կուսակցությունը մանդատները վերցնելու որոշում է կայացրել: ԲՀԿ ավագանու ցուցակի երկրորդ համարում հանգրվանած ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է՝ արդյոք կարելի՞ է արձանագրել, թե ԲՀԿ-ն այս ընտրությունները գնահատում է լավ՝ առանց կեղծիքների:

– Փաստորեն, Ձեր արած հետևությունը տրամաբանական է:

– Պարոն Արսենյան, բայց ընտրությունների հաջորդ օրը ԲՀԿ-ի նախնական հայտարարության մեջ նշվել էր, թե լրատվամիջոցների կողմից արձանագրված խախտումները կուսումնասիրվեն կուսակցության կողմից, և վերջնական գնահատական կտրվի: Փաստորեն, դուք ուսումնասիրել եք և եզրակացրել, որ մամուլը կեղծել է:

– Ես դրանով չեմ զբաղվում: Այդ պատասխանները ԲՀԿ-ից որևէ մեկից կարող եք ստանալ:

– Թեպետ ինքնաբացարկ եք ներկայացրել, բայց Դուք ԲՀԿ ցուցակում երկրորդն էիք:

– Ես չեմ մոռացել:

– Այդ դեպքում ինչո՞ւ եք նման պասիվություն դրսևորում:

– Ես պատասխանեցի, որ չեմ մոռացել, եթե ես ցանկություն ունենամ մեկնաբանել՝ կմեկնաբանեմ:

– Լավ, իսկ ի՞նչ եք կարծում՝ ԲՀԿ-ն ինչո՞ւ ընտրությունների վերջնական և հստակ գնահատականով հանդես չի գալիս:

– Երևի իր արած հայտարարությունն արդեն բավարար է:

– Այս ամենից հետո Դուք ԲՀԿ-ին քաղաքական դաշտի ո՞ր հատվածում եք պատկերացնում՝ ընդդիմադի՞ր, իշխանակա՞ն, թե՞ այլընտրանք:

– Կապրենք՝ կտեսնենք, ժամանակը ցույց կտա:

– Խոսվում է, որ ԲՀԿ-ն սեպտեմբերից պետք է հայտարարի ընդդիմություն դառնալու մասին, ըստ Ձեզ՝ ԲՀԿ-ն կարո՞ղ է ընդդիմություն դառնալ:

– Իմ կարծիքը թողեք ինձ: Չգիտեմ խի՝ կարծես զանգերի ինչ-որ գործընթաց է սկսվել, առաջին լրագրողը չես այսօր, որ զանգում ես:…Բացատրություն ես ուզում՝ գնա ԲՀԿ-ից բացատրություն պահանջի, շահագրգռված եք, հասարակությանը ԲՀԿ-ի բանով… ներսը, դուրսը ցույց տալով, էս ի՞նչ ԲՀԿ-ացավ եք կպել սաղդ:

– ԲՀԿ-ացավ չենք կպել, պարզապես նախկինում մի բան եք ասել, այսօր ուրիշ բան եք անում, մենք էլ ուզում ենք հասկանալ՝ ինչո՞ւ:

– Ի՞նչ եք ուզում հասկանաք: Ընտրություններն ավարտվել են, քաղաքական ձևակերպումով հայտարարություն էլ արվել է, ի՞նչ ես ուզում ասեմ:

– Փաստորեն, ընտրություններն անցել են առանց կեղծիքների, այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք, որ ընտրությունների օրը հենց ԲՀԿ-ից էին ընտրատեղամասերում կատարվող «կեղծիքների, խախտումների» մասին ահազանգում: Ի՞նչ նպատակ էին հետապնդում այդ ահազանգերը:

– Հետապնդում էր նպատակ, որ, ասենք, չլիներ էն, ինչը որ տեղի էր ունենում:

– Իրականում չէի՞ն եղել նման բաներ, պարզապես նախազգուշացնում էիք, ուզում էիք այդպիսով կանխել…

– Ես ասում եմ՝ եղել են, և այդ հայտարարություններն արվում էին, որ վերացնեին թերությունները:

– Խախտումներ եղել են, բայց ընտրություններն առանց կեղծիքների՞ են անցել…

– Նյութ ես ուզում տպե՞լ, ուրեմն ինքդ քեզ հարց տուր, ինքդ քեզ պատասխանի, տպի, էլ ի՞նչ ես ուզում ինձանից:

– Պարոն Արսենյան, խոսակցություններ կան, որ ընտրությունների օրը Ձեր ընտրատարածքի շտաբից, Ձեր իսկ ներկայությամբ, ոստիկանները երեք պարկ գումար են հայտնաբերել…

– Իմ ներկայացուցիչները դիմել են ոստիկանություն, որպեսզի հայտնաբերեն նման սուտ, զրպարտող տեղեկատվություն տարածողներին:

– Դեռ չե՞ն հայտնաբերել:

– Դեռ՝ ոչ, մենք պարզապես պաշտոնապես դիմել ենք՝ հասկանալի չէ՞…

– Պարոն Արսենյան, մի տեսակ դյուրագրգիռ եք:

– Ոչ, դյուրագրգիռ չեմ, կենտրոնացած աշխատում էի, անջատվեցի նրանից, ինչի վրա կենտրոնացած աշխատում էի, և հիմա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ ա ուզածդ:

Այստեղ պարոն Արսենյանը նորից ճշտել է, թե որ լրատվամիջոցից է զանգհարողը, ապա ասել.

«Ինչը, որ ես քեզ ասել եմ, տպելու ենթակա չի: Համարի, որ Արսենյանից ինտերվյու չես վերցրել»:

– Կարելի՞ է իմանալ՝ ինչու:

– Որովհետև չեմ ուզում տպես, ես էլ իմ իրավունքներն ունեմ և չեմ ուզում:

– Իսկ ես իմ աշխատանքն եմ կատարում, կարող էիք չպատասխանել իմ զանգին:

– Դե ուրեմն սրանից հետո ինձ չզանգես՝ եղա՞վ, ես ասում եմ, որ չպիտի տպես:

– Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ խնդիր կա:

– Իմացի, որ Արսենյանը քեզ ասեց… Եթե տպես, ուրեմն սրանից հետո հարցերդ գրավոր կուղարկես ինձ, իմ անձնական հեռախոսին էլ չզանգես, լսո՞ւմ ես:

– Դուք պաշտոնյա եք, հանրային դեմք և եթե շփվում եք լրագրողների հետ, ապա պարտավոր եք պատասխանել մեզ, ինչպես նաև հանրությանը հուզող հարցերին, այլապես մի պատասխանեք Ձեր հեռախոսազանգերին:

– Ուրեմն գլուխդ պատին ես տվել, թե ես պարտավոր եմ պատասխանել, սրանից հետո գրավոր կգրես ու պատասխանը կստանաս գրավոր, ընկել եք ձեր երևակայության գիրկը, շատ եք մեծամտացել արդեն, ես զգուշացրեցի քեզ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում