Ես արժանավայել կյանքով եմ ապրել, ոչ մեկն այս երկրում չի կարող ինձ վարկաբեկել. Ալիկ Սարգսյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Ոչ մեկն այս երկրում չի կարող ինձ վարկաբեկել. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով 2008-2010 թթ.Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Վարդգես Հովակիմյանի՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ ուղարկած նամակին։
«Ոչ մեկը թող չփորձի իր անունը բերել, համադրել ինձ հետ: Եկեք իմ ծննդավայր և հարցրեք, թե ով ով է: Ես մաքուր մարդ եմ, մաքուր եմ ապրել ու իմ խիղճը հանգիստ է, որևիցե օրենքի առջև պատասխան տալու խնդիր ես չունեմ և չեմ ունենալու։ Իմ բոլոր արարքների համար պատասխանատու եմ»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե ինչու նախկինում չէր բարձրաձայնում այդ մասին՝ Ալիկ Սարգսյանը նշեց, թե ինքը մինչև հիմա ուղղակի լուրջ չի վերաբերվել: «Հիմա հասկացել եմ, որ մարդիկ վարկաբեկելու խնդիր ունեն, իսկ ես կորցնելու ոչինչ չունեմ»,-ասաց նա և նշեց, որ այդ զրպարտությունը զուր փորձ է, քանի որ ինքը երբեք ոչինչ չի թաքցրել, այդ թվում իր ունեցած սեփականությունը:
«Ես բազմաթիվ անգամ ասել եմ, նորից կրկնում եմ՝ ես արժանավայել կյանքով եմ ապրել, իմ ամբողջ աշխատանքային ուղին մաքուր և անբիծ է անցել։ Ես զբաղվել եմ իմ գործով։ Ինչ կարողություն ունեմ, դրա համար համապատասխան բացատրություն և արդարացում ունեմ»,- հավելեց նա։
Վարդգես Հովակիմյանը նամակում գրել էր, որ դեռևս ոստիկանապետի պաշտոնում Ալիկ Սարգսյանն իր նկատմամբ շինծու մեղադրանք է ներկայացրել և քրեական գործ հարուցել բացառապես իր ունեցվածքին տիրանալու նպատակով։ Նամակից հետո Ալիկ Սարգսյանը դիմել էր ՀՔԾ՝ բողոքելով, որ Հովակիմյանը փորձում է շանտաժի միջոցով իրենից գումար կորզել:
Ի դեպ, Ալիկ Սարգսյանը նշեց՝ չգիտի, թե որքան գումար է ցանկացել շորթել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում