«Տարոն Մարգարյանն էն մարդը չէ, որ պետք է կոռուպցիայով զբաղվեր». Գալուստ Սահակյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, 168.am: «Մեր կուսակիցն է և մեր լավագույն կուսակցականներից մեկն է, ես կուզենայի, որ մնար քաղաքապետ, բայց ինքը գտավ, որ պետք է հրաժարական տա: Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններին մենք նորից խմբով կմասնակցենք քաղաքապետի ընտրություններին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Գալուստ Սահակյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին:
Ըստ նրա՝ ՀՀԿ-ն կմասնակցի թե՛ քաղաքապետի, թե՛ խորհրդարանական ընտրություններին, նախկինի չափ ձայներ չեն վերցնի, բայց որպես քաղաքական ուժ կլինի առաջին գծում:
Գ.Սահակյանի կարծիքով՝ կոռուպցիայի բացահայտումներ միշտ եղել են, իսկ Տարոն Մարգարյանի մասով կոռուպցիա դեռևս չի բացահայտվել.
«Մարդը, եթե հանցագործ է, էդ հանցագործ լինող մարդը երբեք իր հանցագործությունը ուրիշի վրա չի տարածում, ինքն էլ պատասխան է տալիս: Ես կուզենայի, որ կոռուպցիա չլիներ: Եվ Տարոն Մարգարյանն էլ էն մարդը չէ, որ պետք է կոռուպցիայով զբաղվեր»:
Հարցին, թե ինքն ունի՞ մի քանի միլիոն դոլար արժողությամբ մի քանի առանձնատուն, և ինչպե՞ս է, որ Տարոն Մարգարյանն ունի, Գ.Սահակյանը պատասխանեց, որ ինքը չունի, բայց մի օր, որ բիզնեսով զբաղվի, կունենա.
«Եթե մարդը կարողացել է օրինական ճանապարհով ձեռք բերել, դա խրախուսելի է: Եթե կոռուպցիա է, պետք է պատժվի: Օրինական ճանապարհը բիզնեսն է: Կարող է ինքը չի զբաղվել, ընտանիքն է զբաղվել, ընտանիքը իրավունք ունի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում