Սամվել Ալեքսանյանն երկրի իշխանությունների համար ամոթալի վիճակ է ստեղծել

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահության

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երկրի իշխանությունների համար ամոթալի վիճակ է ստեղծել և շարունակում է իր ապօրինի գործողություններով հրահանգներին ու որոշումներին չենթարկվել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Ամիսներ ի վեր Մաշտոցի պողոտայում գտնվող Կենտրոնական շուկայի տեղում, երկու տարի առաջ շենքի վերահսկողությանը տիրացած այդ անձը, անպատիժ կեցվածքով, անտեսում է հասարակության վրդովմունքն ու բողոքը:

Գործը հասել է այն բանին, որ իրավախախտին պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ կառավարությանը, ՀՀ գլխավոր դատախազին մտավորականների կողմից ուղղված դիմումներն անպատասխան են մնում:

Նույն վերաբերմունքին «արժանացավ» Հայաստանի դեմոկրատական կուսակցության’ ճարտարապետական հուշարձանի ճակատագրի առնչությամբ ՀՀ ճարտարապետների միության հետ միասին հրավիրված «կլոր սեղանի» հայտարարությունը:

Ստեղծված իրավիճակում գտնում ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իրեն վերապահված լիազորություններով կարող է կասեցնել մշակութային հուշարձանի նկատմամբ կատարվող վանդալիզմը:
Սա ևս մեկ փորձաքար է, որով հասարակությունը որոշելու է ՀՀ իշխանության ուժն ու օրենքի առաջ որևէ մեկին արտոնություն չշնորհելու կարողությունը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության Նախագահություն Երևան, 15.05.2013թ.

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում