Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին

Մայիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարում ապահովող ծառայության աշխատակիցներին և այլ երկրների համանուն ծառայությունների ներկայացուցիչներին’ գլխավորությամբ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր շնորհավորանքն ու բարեմաղթանքներն ուղղեց Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին’ ծառայության հաստատման 15-ամյակի կապակցությամբ: Նորին Սրբությունը ողջունեց նաև տոնական միջոցառումների առիթով Հայաստան ժամանած այլ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներին’ գոհունակություն հայտնելով երկրների հարկադիր կատարման կառույցների միջև ձևավորված համագործակցության համար: Նորին Սրբությունը կարևորեց ծառայության առաքելությունը’ երկրում օրինականության հաստատման գործում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը զրույցի մեջ անդրադարձավ նաև Հայ Եկեղեցու պատմական առաքելությանը ժողովրդի կյանքում, հասարակության մեջ քրիստոնեական արժեքների առավել ամրապնդման անհրաժեշտությանը:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում