Տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունները պետբյուջեից 2 միլիարդ դրամից ավելի գումար են հափշտակել (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունների կողմից 2015-2018 թթ.-ի ընթացքում պետական բյուջեից հափշտակվել է 2 միլիարդ դրամից ավելի գումար:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները պարզել են, որ Երևանում գործող մի շարք ընկերություններ, որոնք տրանսպորտային միջոցների տեխզննություն էին իրականացնում, ապօրինություններ են կատարել:
Մասնավորապես, այդ ընկերությունները 2015-2018 թթ.-ին օգտագործելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տված տրանսպորտային միջոցների զննության անցկացման թույլտվությունը՝ մեքենաները, փաստացի, տեխնիկական զննության չեն ենթարկվել:
«Ապօրինի վարձատրվող գործակալների միջոցով կազմակերպել են նման ծառայություններ մատուցելու վերաբերյալ տեխզննության կայան ներկայացվող կտրոնների, նաև արատորոշման քարտերի կազմման ու կնքման գործընթաց՝ այդ մասին փաստող կտրոն ստանալու համար նախատեսված 5500-10 500-ական դրամ հափշտակելու դիտավորությամբ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել էին ֆինանսների նախարարություն և չկատարած աշխատանքի դիմաց պետական բյուջեից հափշտակել 1 մլրդ 31 մլն 330 հազար դրամից ավելի գումար»,- նշվում է ոստիկանության պատրաստած տեսանյութում:
Մարզերում նույնպես տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությամբ զբաղվող 10-ից ավելի ընկերություններ չկատարած աշխատանքների դիմաց նույն սխեմայով պետբյուջեից հափշտակել 1 մլրդ 108 մլն 920 հազար դրամից ավելի գումար
Հետևեք մեզ նաև Telegram-ում