«.. Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ»
Նմանատիպ
«Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»,- նկարիչ Մինաս Ավետիսյանի մասին ասել է նկարիչ Հակոբ Հակոբյանը։
Այսօր Մինասի ծննդյան 90-ամյակն է։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Մինասի ծննդյան 90-ամյակին նվիրված «Մինաս. Հին ու բոլորովին նոր» ցուցահանդեսը, որը մեկտեղել է շուրջ 90 աշխատանք՝ Հայաստանի ազգային պատկերասրահից, Երևանի Ժամանակակից արվեստի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Երևանի Ռուսական արվեստի, Արամ Խաչատրյանի թանգարաններից և հայաստանյան մասնավոր հավաքածուներից:
Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին, Ջաջուռում։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։ Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Անդրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով։
Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960-1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար:
«Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է: Իրեն գույներուն մեջ հզոր բան մը կա, արտակարգ ուժ մը, որ շատ ժամանակակից է և շատ հայկական: Մինասի նկարներուն մեջ ուժեղ կերպով Հայաստանը կզգամ»,- ասել է նկարիչ Գառզուն։
Մինասը որմնանկարները ստեղծել է 1970-74 թթ.։ Ունի մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ: Մ. Ավետիսյանը բեմանկարչական ինքնատիպ սկզբունքը զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում:
«Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ… Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ` նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով: Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»,- Մինասի մասին ասել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։
Մինասն աշխատել է նաև կինոյում, Հրանտ Մաթևոսյանի «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմի նկարիչն է։
«.. Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ: Նա իրենից կռանել էր մի մարդ, ում ստեղծած ոչ կատարելությունները նույնպես արժեք էին, ում ստեղծագործելն արդեն արժեք էր»,- գրել է Հրանտ Մաթևոսյանը։
1972–ի հունվարի 1-ին, աղետալի հրդեհի պատճառով այրվում են Մինասի արհեստանոցում գտնվող բոլոր կտավները՝ թվով մոտ 300 աշխատանք։ Այդ թվում նաև հարյուրից ավել ավարտված նկարներ, որոնք նախատեսված էին անհատական ցուցահանդեսի համար, զոհ դարձան կրակին։
Նկարիչը 1975թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և չգալով գիտակցության՝ փետրվարի 23-ին կնքել է իր մահկանացուն։ Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված։
«Մինասը նկարչական աշխարհում երևույթ է, նրա նկարները զրնգուն հնչեղություն կունենան Փարիզի նման նկարչության արվեստի կենտրոնում՝ արվեստների մայրաքաղաքում»,- Մինաս Ավետիսյանի մասին ասել է Երվանդ Քոչարը։
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում