Ո՞րն է ԲՀԿ-ի տեղը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները դեռ երեկ առավոտյան ձեռնպահ էին մնում իրենց առաջնորդի կողմից նախօրեին Աբովյանում արած հայտարարության վերաբերյալ որեւէ տեսակետ հայտնելուց։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը, որի հարցերին պատասխանել է ԲՀԿ անդամ, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը։ Հատված հարցազրույցից.

« Պարոն Բագրատյան, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը կուսակցությունում քննարկվե՞լ էր։ Մինչ այդ ԲՀԿ տարբեր ներկայացուցիչներ, մասնավորապես, Վարդան Օսկանյանը, բոլորովին այլ հայտարարություններ էին անում, ինչպե՞ս հասկանալ այս ամենը։

Ծառուկյանի հայտարարությունը պետք է համարել քաղաքական հայտարարություն։ Օսկանյանը կամ ես կամ Պողոսը կարող են իրենց մասնավոր կարծիքը արտահայտել, բայց Ծառուկյանը կուսակցության ընդհանուր կարծիքն է արտահայտում, այսինքն, ի վերջո Ծառուկյանը վերլուծության արդյունքում քաղաքական հայտարարություն արեց։

Իսկ Ծառուկյանի հայտարարությունը քննարկվե՞լ էր կուսակցությունում, թե՞ ոչ։

Քննարկում եղել է, քննարկման ժամանակ մեր մոտեցումները բոլորս արտահայտել ենք։ Բայց որոշման մասին, բնականաբար, ես ինքս տեղյակ չէի, գիտեի, որ որոշումը այդ ուղղությամբ պիտի լինի, եթե չեք մոռացել, ես նմանատիպ հայտարարություն արեցի, որ մենք այլընտրանք ենք, պետք չէ մեզ քաշել աջ ու ձախ։

Այսինքն հիմա դուք էլի շարունակելու եք հայտարարել, որ ԲՀԿ-ն այլընտրա՞նք է, ոչ իշխանություն է, ոչ՝ ընդդիմությո՞ւն։

Մյուս հայտարարությունը երեւի արդեն քննարկման հետեւանքով կունենանք։ Այս պահին պետք է հիմք ընդունենք Ծառուկյանի հայտարարությունը…»,- մեջբերում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում