Գագիկ Ծառուկյանը ցույց տվեց իր գերազանցությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդդիմություն չդառնալու մասին իր հայտարարությամբ քաղաքականապես ոչնչացրեց Հայ ազգային կոնգրեսը, նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության հիման վրա կառուցված ավելի քան երկամյա ռազմավարությունը: Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում.

«Ծառուկյանը դա արեց շատ վարպետորեն’ տեւական ժամանակ, ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ից ընդդիմադիր ուժ կերտելու ողջ ընթացքում հրապարակային որեւէ խոսք չասելով եւ ընտրական ցիկլի ավարտից հետո ընդամենը մեկ’ հակիրճ հայտարարությամբ: Ծառուկյանը դա արեց’ ապացուցելով, որ ի հեճուկս իր’ ապաքաղաքական լինելու մասին գնահատականների, ինքը շատ ավելի ողջամիտ ու հաշվարկող քաղաքական գործիչ է, քան քաղաքական ռահվիրա համարվող Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ծառուկյանը երբեք չէր հայտարարել, որ պատրաստվում է ընդդիմադիր դառնալ կամ կազմաքանդել ավազակապետությունը: Դա հայտարարում էր (է) Լեւոն Տեր-Պետրոսյանը’ վերջին բոլոր ընտրություններից առաջ եւ հետո: Այդ ընթացքում, գուցե նաեւ դրա շնորհիվ, Գագիկ Ծառուկյանը կարողացավ սեփական կուսակցությունը դարձնել խորհրդարանում ներկայացված երկրորդ խմբակցությունը, զբաղեցնել երկրորդ տեղը Երեւանի ավագանու ընտրություններում’ դա խորհրդանշելով’սեփական եկեղեցու բացման արարողությանը, ինչպես ինքը հայտարարեց, բոլորին միավորելով ու համախմբելով:

Գաղավարական, սկզբունքային քաղաքականության տեսանկյունից գուցե Գագիկ Ծառուկյանի գործունեությունն այնքան էլ ազնիվ չէ: Սակայն, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն է ասել, արժեքները, սկզբունքներն ու քաղաքականությունը միանգամայն տարբեր կատեգորիաներ են, եւ ինքը «բացարձակ պրագմատիզմի» կողմնակիցն է: Ու հենց «բացարձակ պրագմատիզմի» տեսանկյունից Գագիկ Ծառուկյանը ցույց տվեց իր գերազանցությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Քաղաքական գերազանցությունը»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում