Մայրը շարունակում է պնդել, որ հինգ ամսական երեխայի մահվան մեղավորը բժիշկներն են

Թերթը հիշեցնում է, որ նախկինում անդրադարձել է Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ապրիլի 25-ին նախնական տվյալներով թոքաբորբից մահացած հինգ ամսական Ագնեսայի դեպքին, ում ծնողները կարծում են, որ երեխան մահացել է ոչ թե թոքաբորբի, այլ բժիշկների անփութության հետեւանքով, եւ հավելում.

«Տեղեկացրել էինք նաեւ, որ երեխայի մայրը Կենտրոնի ոստիկանությունում այդ մասին հաղորդում է տվել: Քննիչ Ա․ Մխիթարյանն «Ժամանակի» հետ զրույցում նշել էր, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզ կդառնա, թե իրականում ինչից է մահացել Ագնեսան:

Երեկ քննիչ Ա․ Մխիթարյանը մեզ տեղեկացրեց, որ դատաբժշկական փորձաքննությունն առայժմ չի ավարտվել: Մեր այն հարցին, թե մի՞շտ է այդքան ձգձգվում եւ կա՞ արդյոք սահմանված ժամկետ, որի ավարտին արդեն պետք է եզրակացությունը լիներ, Մխիթարյանը պատասխանեց. «Նախնական տեղեկություն չենք կարող հաղորդել, երբ պաշտոնապես լինի՝ արդեն առարկայական ուղղվածությամբ կարող ենք ասել, դե բնականաբար, սեղմ ժամկետներում է կատարվում դատաբժշկական փորձաքննությունը, բայց իրենք մեզ բացատրում են, որ չափազանց ծանրաբեռնված են, այդ պատճառով չեն կարողանում քննություն անցկացնել»:

Ա․ Մխիթարյանը հավելեց, որ գործի շրջանակներում քննչական գործողություններն իրենք կատարել են, առավել մանրամասն տվյալներ չեն կարող հայտնել, քանի որ պետք է նախաքննության գաղտնիությունը պահպանեն:

Մեր այն հարցին, թե ծնողները շարունակո՞ւմ են պնդել, որ երեխայի մահվան համար բժիշկներն են պատասխանատու, քննիչը պատասխանեց․«Դե գիտեք, տվյալ պարագայում խոսքը մոր մասին է, որ ահազանգել էր ոստիկանություն։ Այդ հանգամանքը, այո՛, մայրը շարունակում է արծարծել, սակայն դա որպեսզի վերջնական պարզաբանենք, ոչ թե դիակի դատաբժշկական փորձաքննություն է պետք՝ սպառիչ պատասխան ունենալու համար, այլ նաեւ հետագայում, եթե անհրաժեշտություն լինի, զուտ բժիշկների մասնագիտական գործունեությունը՝ նրանց կողմից հնարավոր սխալ կատարելու առումով, կնշանակվի հանձնաժողովի դատաբժշկական փորձաքննություն, որն արդեն նեղ մասնագիտական եզրահանգումներ կտա առ այն՝ արդյո՞ք բժշկական սխալներ եղել են, թե ոչ, եթե եղել են՝ ովքեր են կատարել, ինչ տեսակի, ինչ ծավալի, եւ ինչպես են կատարել»»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում