Սև ամպեր՝ 4 մարզպետների գլխին

Այսօր տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը, որի ընթացքում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, քննարկվելու է մարզպետերի արցը: ՀՀԿ ԳՄ նիստին, հնարավոր է, մասնակցեն նաև այն մարզպետերը, որոնց ճակատագիրը «վտանգված» է: Նրանք են՝ Սյունիքի մարզպետ
Սուրեն Խաչատրյանը (Լիսկա), Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը (Կովալ), Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ):
«Ժողովուրդ»-ը զրուցել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ.

-Պարո՛ն Շահգալդյան, Ձեզ հրավիրել են՝ մասնակցելու ՀՀԿ ԳՄ նիստին:
-Ես նման հրավերք չեմ ստացել:

-Տեղեկություններ կան, որ քննարկվելու է Ձեր պաշտոնանկության հարցը: Դուք այդ մասին տեղյա՞կ եք:


-Շատ ծիծաղելի է, արդեն քանի տարի է՝ այդ հարցը լսում ենք, եթե Դուք այդքան համոզված եք, այդ դեպքում ինչո՞ւ եք ինձ զանգահարել ու հարցնում:

-Այսինքն՝ համոզված եք, որ շատ լավ եք աշխատում, և Ձեզ չե՞ն կարող պաշտոնանկ անել:
-Էդ արդեն պիտի պաշտոնանկ անողներից հարցնեք: Ուղղակի 13 տարի է, ինչ քննարկվում է այդ հարցը, 2-3 ամիսը մեկ քննարկվում է պաշտոնանկությանս հարցը: Եթե իմ աշխատանքից դժգոհ լինեին, ինձ վաղուց պաշտոնանկ արած կլինեին:

Հ.Գ. Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, թերթի լրագրողին չի հաջողվել զրուցել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, քանի որ վերջինիս հեռախոսին ինչ-որ երիտասարդ է պատասխանել՝ հավաստիացնելով, թե Խաչատրյանը զբաղված է: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հեռախոսին ևս անծանոթ մի մարդ է պատասխանել՝ անընդմեջ նշելով, թե Բարսեղյանը խորհրդակցության է:

Իսկ ինչ վերաբերվում է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, ապա վերջինս, լսելով «պարոն Ղուլարյան… » բառերը, անմիջապես անջատել է հեռախոսը: Ի դեպ, Ա. Ղուլարյանն արդեն սովորություն է դարձրել այդ կերպ խուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում