Սիրո խաչը

Սիրո խաչը

«Եթե մեկը կամենում է հետեւել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա Իմ հետեւից»: Մատթ. 16; 24

Խաչը` նպատակի ճանապարհին հաղթահարված խոչընդոտները չեն, այլ սխալ արված քայլերի եւ դրանք շտկելու անհրաժեշտության գիտակցությունը. որքան այն բարձր է, այնքան ծանր է խաչը: Խաչը մեր ոտքերի տակ չէ, այլ` մեր ուսերին:

Խաչը` ինչ-որ բան ձեռք բերելիս մեր տարած դժվարությունները չեն, այլ` ունեցածը պահելու եւ կորցրածը հետ բերելու մեր ջանքերը, որոնք ջանադիր են այնքան, ինչքան թանկ է ունեցածը կամ կորցրածը. Խաչը միշտ մեզանից անբաժան է:

Հանճարեղությունը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է կարծեցյալ կարելիությունը: Սակայն ինքը հանճարեղությունը սպառվում է այնտեղ, որտեղ խաչվում է Ճշմարտությունը: Քանզի երբ Ճշմարտությունը խաչվում է, ամեն բան չէ, որ կարելի եւ թույլատրելի է:

Շատ քրիստոնյաներ, խաչ ասելով, հասկանում են իրենց կյանքում ունեցած դժվարությունները, իրենց կյանքը` խաչակրություն, ապրելը` հաղթանակ: Սակայն նրանք շատ հազվադեպ են անդրադառնում իրենց կյանքի ճիշտ կամ սխալ ընթացքին, լավ կամ վատ որակին, իմաստին ու նպատակին:

Խաչի պատմության մեջ ամենաառեղծվածային անձը, թերեւս, համատեսական երեք Ավետարանների հեղինակների կողմից նկարագրվող Սիմոն Կյուրենացին է, որի մասին ասվում է, թե կրեց խաչը մինչեւ Գողգոթա, իսկ Հովհաննես Աստվածաբան Ավետարանիչը պնդում է, որ Տերն ինքն է կրել խաչը, իսկ Սիմոնի մասին լռում է: Նրա մասին պատմող Մատթեոսի Ավետարանի մեկնիչներից մեկը` Հովհաննես Ծործորեցին, այդ դրվագը մեկնաբանում է այսպես. «Ինչպես իշխաններն իրենց զենքը սպասավորներին են կրել տալիս մինչեւ պատերազմի դաշտ, եւ ապա իրենք են, մարմնով կրելով, մարտնչում. նույն կերպ էլ Տերը վարվեց: Նաեւ` սա պատահականություն չէր, այլ Աստված կամեցավ, որ սպասավորեն Քրիստասի խաչելությունը. այդ պատճառով էլ գտան Ալեքսանդրի եւ Ռուփոսի հայր Սիմոնին, ով հանդից էր գալիս, եւ նա կրեց խաչափայտը, իսկ հետո Հիսուս Ինքը վերցրեց այն, ինչը նշանակում է հետեւյալը. ովքեր մարմնով խաչ են վերցնում` գնալու Նրա հետեւից, վերջում Նա, այդ խաչն Իր վրա վերցնելով, թեթեւացնում է կրողի բեռը եւ, վշտերից ազատելով, հանգիստ պարգեւում»: Այսինքն, Սիմոնի սպասավորությունը Տիրոջ խաչակրությանը մի հիշեցում է մեզ այն մասին, որ Տերը ոչ միայն մեզ համա՛ր, այլեւ, ի վերջո, մեր փոխարե՛ն խաչվեց:

Խաչի խորհրդից փախչողները Քրիստոսի թշնամիներն են, խաչի խորհուրդը անարգողները` սատանայի ակնհայտ բարեկամները: Սերը անմնացորդ նվիրում է: Ճշմարիտ սերը լինում է միայն խաչի տեսքով: Խաչը կողմնացույց է դեպի Սերը: Սիրել նշանակում է մասամբ կամ ամբողջությամբ իբրեւ նպատակ ունենալ նրան, ում սիրում ենք: Եթե սիրում ենք մարդկանց, ցանկանում ենք, որ նրանք գնան առ Աստված, եթե սիրում ենք Աստծուն, ցանկանում ենք գնալ առ Նա: Աստծո պատրաստած նպատակը մարդու համար ենթադրում է, թե մարդը պետք է, որ լինի ամենաուժեղ արարածը տիեզերքում, ուժեղ` Քրիստոսի Խաչով ու Հարությամբ:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Պատրաստեց Լիլիթ Հովհաննիսյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում