Կառավարության դիմաց բողոքի ցույց է ընդդեմ գազի սակագնի բարձրացմանն. ակտիվիստները նամակ փոխանցեցին կառավարությանը

Գազի սակագնի թանկացման հետ կապված լուրերը բուռն քննադատության ու քննարկումների առիթ հանդիսացան:

Մի խումբ քաղաքացիներ այսօր’ մայիսի 16-ին բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց’ ընդդեմ գազի սակագինը թանկացնելու վերաբերյալ «ՀայՌուսգազարդ» ընկերության մտադրության:

Ինչպես հայտնում է eMedia.am-ը’ Կառավարության շենքի մոտ են բնապահպան ակտիվիստներ, ակտիվ քաղաքացիներ, ինչպես նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Արմեն Ռուստամյանը, Կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը։

Ցուցարարները ժամը 11։00–ին երթով կշարժվեն դեպի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրասենյակ։ 

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն ցուցարարներն իրենց ձեռքերին պահել են պաստառներ՝ «Ո՛չ գազի թանկացմանը», «Արտագաղթելու ենք», «Գների իջեցում ենք պահանջում», «Ազատ-անկախ Հայաստան», «Գազը թանկացնեք, հարկերը չենք մուծելու: Ինչքան ուզենք, էնքան կվճարենք» եւ այլն կոչերով:

Նշենք, որ նախաձեռնությունը ձեւավորվել է ինքնաբուխ: Այն բանից հետո, երբ տեղեկություններ տարածվեցին գազի գնի հնարավոր բարձրացման մասին, Ֆեյսբուք սոցցանցում մի խումբ ակտիվիստներ ստեղծեցին նախաձեռնություն «Ո՛չ գազի թանկացմանը» անունով և այնտեղ հրավիրեցին բոլոր շահագրգիռ անձանց:

Նախաձեռնությունը հրավերի մեջ գրել էր, որ մայիսի 16-ին ՝ առավոտյան ժամը 10-ին, հավաքվում են ՀՀ կառավարության գլխավոր շենքի մոտ՝ իրենց պահանջը ներկայացնելու համար:

«Սա այն պահն է, որ բոլորս համախմբված պետք է դուրս գանք փողոց ու պաշտպանենք մեր իրավունքները: Հայ մարդ, դուրս արի փողոց»,-հայտարարում էր նախաձեռնությունը:

Ներկա պահին ՀՀ քաղաքացիները վանկարկում են եւ բողոքն ու դժգոհությունն են արտահայտում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Հետագա քայլերը նախաձեռնողները որոշելու են տեղում:

Հիշեցնենք, որ նախօրոք որոշված էր ՀՀ կառավարության շենքի դիմացից երթով շարժվել դեպի Բաղրամյան 26, այնուհետեւ՝ Ազատության հրապարակում սկսել նստացույց:

Մեկ այլ աղբյուրի’ Tert.am-ի փոխանցմամբ, Թռչկան քաղաքացիական նախաձեռնության իրավաբան Մերի Խաչատրյանը քիչ առաջ նամակ փոխանցեց կառավարության նամակների ու դիմումների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին՝ վերցրեց այն, խոստանալով ծանոթանալ բովանդակության` հեռացավ:

Իսկ քաղաքացիները տեղում կազմակերպել են ստորագրահավաք՝ գազի թանկացման դեմ:

Աստղիկ Սահակյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում