Քո առաջին բառերը

Քո առաջին բառերը

Աշխարհը սկսվել է քո բառերով,
Եվ այն ամենը, ինչ տեսնում ես հիմա,
Քո առաջին բառերն են,
Որ դու նվիրել ես մեզ:

Ամենասկզբում մայրիկը եկավ,
Որովհետև դու ամենասկզբում «մայրի՜կ» ասացիր:

Նա կապեց գոգնոցը,
Եվ սենյակները փայլեցին մաքրությունից,
Եվ սենյակները լցվեցին մրգերի անուշ բուրմունքով,
Իսկ այդ մրգերը քեզ համար են,
Միայն ու միայն՝ քեզ:

Իսկ հետո դուռը բացվեց և հայրիկը մտավ ներս,
Որովհետև ամենասկզբից հետո դու «հայրի՜կ» ասացիր:
Նա եկավ կանգնեց քո գլխավերևում և նայեց ամենաբարի
Եվ ամենահայրական հայացքով:

Իսկ հետո,
Քանի որ դու դեռ չգիտեիր մյուս բառերը
Եվ քանի որ այդ բառերը շատ էին,
Երկար ու դժվար էին արտասանելու համար,
Դու պարզապես ժպտացիր ամենաառաջին ժպիտով:
Եվ քո ժպիտի միջից
Դուրս թռան նապաստակներն ու սկյուռները
Եվ վազեցին անտառի ուղղությամբ,
Եվ արևը դուրս եկավ, վազեց երկնքի ուղղությամբ,
Թռչուններ ու թիթեռներ ծնվեցին ու ծաղիկներ բազմագույն…
… Իսկ չար գայլն ու փնթի խոզուկը,
Խորամանկ աղվեսն ու գող կատուն
Չէին լինի աշխարհի վրա, եթե դու լաց չլինեիր,
Երբ մայրիկը լվանում էր քո թաթիկները,
Երբ մայրիկը քո մազերն էր սանրում…

Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում