Զրուցում են փոքրիկները
30/07/2018 13:20
Նմանատիպ
Զրուցում են փոքրիկները.
– Շատ մեղք են այս մայրիկները,
Տես, հենց մատս ցավի մի քիչ,
Կանչում եմ, մա՜, ցավեց մատս,
Իսկ նա կասի, բալիկ, ոչինչ,
Պաչիկ կանեմ, կանցնի՜ ցավը:
Կամ խնձոր եմ ուզում եթե,
Ի՞նչ եմ անում, կանչում եմ՝ մա՜,
Իսկ նա կասի, ի՞նչ պատահեց,
Քաղցր խնձոր կտամ հիմա:
Բա որ շունն է հանկարծ հաչում,
Փախչում եմ ու կանչում եմ, մա՜,
Իսկ նա տանից դուրս է թռչում,
Գրկում է ինձ, – մի՜ վախենա…
Իսկ որ նրանք խնձոր ուզե՞ն,
Կամ մատները նրանց ցավեն,
Կամ էլ շներն հանկարծ հաչեն,
Ախր նրանք ում մոտ վազեն,
Փոքրիկ հո չե՞ն, որ մա՜ կանչեն…
– Չէ, շատ մեղք են մայրիկները,-
Ու տխրում են փոքրիկները…
Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում